
Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով, որ բանակցողը չպետք է լինի Ռուբեն Վարդանյանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջնորդությամբ այսօր Մյունխենում Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումից հետո: Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի Անվտանգության համաժողովում մասնակցում էին Կովկասի անվտանգության թեմայով քննարկման:
Ալիևը վստահեցրել է, որ արդեն կան ձեռք բերված պայմանավորվածություններ. – «Որքան հասկանում եմ մեր ամերիկյան և Եվրամիության գործընկերների հետ շփումներից, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հետ այսօրվա եռակողմ հանդիպումից, մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ պետք է լինեն մոտեցումներ երկու ճանապարհով՝ հայ – ադրբեջանական խաղաղության բանակցություններ և Ադրբեջանի շփումները Ղարաբաղի հայ բնակչության հետ: Ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կլինեն բանակցություններ Ղարաբաղի հայ փոքրամասնության իրավունքների և անվտանգության հարցով», – ասել է Ադրբեջանի նախագահը՝ միաժամանակ բացառելով բանակցությունները Ռուբեն Վարդանյանի հետ, որը, Ալիևի բնորոշմամբ, «մաքսանենգ ճանապարհով» է հաստատվել Ղարաբաղում: «Պատրաստ ենք բանակցել, բայց հայ համայնքի այն ներկայացուցիչներ հետ, ովքեր ծնվել և ապրում են Ղարաբաղում, բայց ոչ Ռուսաստանից ներմուծված անձի հետ», – ընդգծել է Ադրբեջանի նախագահը:
Ադրբեջանի առաջնորդը չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի «միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն» ասելով, արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է արցախահայերի հետ բանակցությունների միջազգային մեխանիզմի ներքո, ինչը նախկինում մերժել է՝ պնդելով, թե դա Ադրբեջանի ներքին գործն է, միջնորդները բացառված են: Փոխարենը Ալիևը նորից հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, փոքրամասնություն, կարող են օգտվել Ադրբեջանի Սահմանադրությամբ երաշխավորված անվտանգությունից, իրավունքներից, այդ թվում՝ լեզվի և մշակութային արտոնություններից:
Իլհամ Ալիևն ասել է, թե պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ էլ է հավաստիացրել, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել պրակտիկ շփումներ Ղարաբաղի հայ համայնքի հետ՝ կրկին հնչեցնելով պայմանը, որ «քրեական օլիգարխ» Ռուբեն Վարդանյանը հեռանա Ղարաբաղից:
Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը կարծում է, որ Ալիևին պետք է ցանկացած պատճառաբանություն՝ միայն թե չբանակցի Լեռնային Ղարաբաղի հետ.« Հարցը Ռուբեն Վարդանյանը չէ, բայց մենք ի՞նչ ենք ուզում աշխարհին ասել, որ այստեղ կա Ալիևի ազդեցությո՞ւն։Ես կողմնակից եմ, որ Հայաստանի իշխանությունը նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնի, հեռացող Ռուբեն Վարդանյանի մասով որոշի, որ չի գնում։Որոշումները ո՛չ Բաքուն պետք է կայացնի, ո՛չ էլ Կրեմլը։ Ռուբենի թիմը հանձնված է, պատրաստ են նրան, որ Ռուբենը գնում է, Բակոն մնացածը՝ կրակի մեջ են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Օսիպյանը՝ շեշտելով, որ եթե ՀՀ իշխանությունները հասկանում են լրջությունը, պետք է այդ քայլին գնան։
Միևնույն ժամանակ Օիպյանը շեշտեց, որ եթե Ռուբեն Վարդանյանը մնում է, ապա պետք է լինի որոշակի «շրջանակների» մեջ.«Այսինքն՝ դուրս չգա ու անի այնպիսի հայտարարություններ, որ հայաստանցի-ղարաբաղցի կիսի։ Պետք չէ այստեղի կոռուպցիոներներին պահի կամ ռուսի դրոշը վերցնի ինչ-որ բաներ խոսա, Ռուբե՛ն ռուսները քեզ պատասխանեցին, թող դա քեզ համար դաս լինի։ Սա կլիներ կարևոր քայլ»։
Մեր զրուցակիցը համոզված է, որ ՀՀ իշխանությունները ունեն համապատասխան լծակներ.«Այնտեղից եթե զանգում են Արայիկ Հարությունյանին ու ասում՝ Ռուբենը մնում է, Ռուբենը մնում է ու ամեն ինչ ավարտվում։ Իսկ եթե Ռուբենը գնում է, ամեն ինչ դառնում է երկրորդական։ Ստացվում է՝ Ալիևը գալիս է Մյունխեն ու պայման դնում, որ Ռուբենը պետք է գնա, Ղարաբաղի հայությունն էլ դրան ենթարկվում է»։
Իսկ մնալով արդյոք ճգնաժամ չի ստեղծվում, Օսիպյանն արձագանքեց.«Ոչ մի ճգնաժամ էլ չի լինում։ Եթե Երևանը որոշեց, որ ճգնաժամ չէ, ուրեմն չի լինում»։
Մեր զրուցակիցը նշեց, որ Արցախում էլ կան որոշակի խոսակցություններ Վարդանյանի հեռանալու մասին.«Բոլորը գիտեն, որ ճամպրուկները հավաքել է»։
Ո՞վ պետք է երկխոսի Ադրբեջանի հետ հարցին ի պատասխան, Արթուր Օսիպյանը պատասխանեց.«Ադրբեջանի հետ մենք խոսելու բա՞ն ունենք մինչև ճանապարհը չբացվի։ Բացի այդ պահանջից, մենք ուրիշ պահա՞նջ ունենք Ադրբեջանի առաջ դնելու։ Այսինքն՝ ճանապարհը փակ, մենք լսենք, թե Ադրբեջանը մեզ էլ ինչ է ասում ու մենք որտեղ ենք փոխզիջումների գնում։ Ես կողմնակից եմ, որ Ղարաբաղն ինքը նախաձեռնող լինի, մասնակցություն ունենա, բայց պահ կա չէ՞։ Հիմա մենք Ադրբեջանին մի կողմ ենք դնում, մեր զրույցը Ռուսաստանի ու միջազգային հանրության հետ է՝ ընդ որում հրապարակային։ Ղարաբաղում այսպիսի բաները չեն ընկալում, մաֆիոզ սկզբունքներով են առաջնորդվում՝ այս մեկը զանգեց սա ասաց, մյուսը՝ նա ասաց։ Այսինքն փողոցային մաֆիայի սկզբունքներով քաղաքականություն է։ Չկա այստեղ ռեալ քաղաքականություն, եթե լիներ՝ այլ ձև կլիներ ամեն ինչ»։
Իսկ մնացած հարցերի շու՞րջ՝ այդ թվում կարգավիճակի հարցի ո՞վ պետք է բանակցի Ղարաբաղի փոխարեն, Օսիպյանը արձագանքեց.«Հիմա ամբողջ աշխարհը խոսում է բլոկադայի մասին, եթե մենք խոսում ենք այլ բաների մասին՝ մենք աղավաղում ենք ամբողջ ընթացքը։ Հենց կարգավիճակն այստեղ է որոշվում, եթե մենք Լաչինի միջանցքի կարգավիճակը պահում ենք, ուրեմն կարգավիճակ ենք պահում։ Եթե մենք այլ բաներից խոսենք՝ շատ սխալ կլինի։ Մանավանդ այս մասին ահագին գործ է արվել՝ քաղաքական առումով։ Դա պետք է պահել, պետք չէ շեղվել։ Աշխարհին պետք է հասկացնենք, որ սա ցեղասպանություն է, սրանից ավել քաղաքականություն չունենք վարելու։ Եվ իրականում դա հենց այդպես է, ցեղասպանական քայլեր են իրականացնում»։
Արցախի ընդդիմադիր գործիչը համարում է, որ Ալիևը պատրաստ չէ բանակցությունների, Ռուբեն Վարդանյանն ընդամենը պատրվակ է.«Դուք գիտեք թե ինքը եկել է բանակցությունների, մենք չե՞նք գնում։ Չգալու համար պատճառներ է բերում, մեկին տաս էլ մենք ենք բերելու, թե ինչու չենք գալիս Ալիևի հետ խոսում։Դուք հետևում եք միջազգային կազմակերպությունների գնահատականներին, Ալիևի ԶԼՄ-ները նշում են, թե հավաքական արևմուտքը տրամադրվել է Ալիևի դեմ, մենք դրանից միայն օգուտներ պետք է քաղենք։ Հենց այդ մեխին պետք է խփենք»։
Արթուր Օսիպյանը պարզաբանում է՝ ինքը կողմնակից է ոչ թե որ Ռուբեն Վարդանյանը մնա, այլ, ըստ նրա, պետք է ցույց , որ ոչ Բաքուն, ո՛չ Կրեմլը ոչ էլ նախկին մերժվածները որոշող չեն. «Երևանում կորոշվի թե Ստեփանակերտում՝ էական չէ, համենայնդեպս մեր մեջ պետք է որոշվի»,-եզրափակեց նա։