
«Եվրոպայից դիտորդների առաքելություն հայ-ադրբեջանական սահման ուղարկելը կարող է խանգարել կարգավորման գործընթացին», – Միլի մեջլիսի նիստում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։
Նա նշել է, որ իր այս դիրքորոշումը Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման առնչությամբ Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ ևս հայտնել է:
Շաբաթասկզբին Մոսկվայում Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ էր Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պնդել, թե «Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նոր խնդիրներ կստեղծի»:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Նախատեսվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելություննը քաղաքացիական է, անզեն և տեղակայվելու է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց է տվել իր բացասական դիրքորոշումը տվյալ հարցում, Ադրբեջանն էլ վերապահումներ էր հայտնել:
Ակնկալվում է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում աշխատանքը կսկսի առաջիկա երկուշաբթի օրվանից:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ չնայած ռուս-ադրբեջանական հոխորտանքներին, հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու որոշումը միջազգային իրավունքի շրջանակներում է.«Իսկ թե ինչ խոչընդոտներ կարող են առաջանալ, ըստ իս, շատ բան Եվրոպայի կամքից է կախված։ Ամբողջ հարցն այն է, որ 44-օրյա պատերազմի իմաստը, Լավրովի պալնը տապալվում է։ Հայկական կողմը պետք է նկատի ունենա, որ Թուրքիայի երկրաշարժը ժամանակավորապես թուլացրել, շարքից դուրս է բերել Թուրքիայում, Ուկրաիանյում ռուսական բանակի ջախջախումն էլ՝ Ռուսաստանին։ Այս ամենը հաշվի առնելով պետք է համապատասխան քայլեր իրականացնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շիրինյանի դիտարկմամբ՝ մենք մեր քայլերը պետք է ավելի պինդ, հաշվարկված իրականացնենք.«Այսինքն՝ ժողովրդավարական Հայաստանն անընդհատ ներկայացնենք երկու ավտոկրատ պետությունների դեմ՝ ավտոկրատ Պուտլեր ու Ալիևին։ Դրանք անընդհատ պետք է իրար կապել։ Ընդ որում՝ Ադրբեջանը ոչ միայն ավտոկրատիա է, այլ էթնոկրատիա։ Ադրբեջանը թյուրքական մեծամասնության սեփականությունը չէ, այնտեղ կան լեզգիներ, թալիշներ, իսկ Ադրբեջանի ժողովուրդ որպես այդպիսին չկա։ Ադրբեջանի թյուրքական-թաթարական հատվածը հանդես է գալիս որպես ադրբեջանցի՝ ստվերի տակ թողնելով ու ճնշելով մնացած բնիկ ժողովրդին»։
Ըստ Շիրինյանի՝ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է իրենց մտածելակերպից հանեն այն գաղափարը, թե Եվրոպայում միամիտ են.«Այսօր Եվրոպան ժողովրդավարությունը տարածում է հայկական լեռնաշխարհ, այդ մասին դեռ Փելոսին է խոսել Հայաստանում։ Իսկ այդ երկու պետություններ հանդես են գալիս հետադիմության, խավարատմության պադվալներից։ Նրանք նախատեսել էին հայկական պետականության վերացում, հողերի նվիրաբերում ադրբեջանցիներին, բայց դա տապալվում է։ Մոնղոլ-թաթարական Ռուսաստանը չքվում է Հայաստանից ու Այսրկովկասից։Իմ կարծիքով՝ իշխանությունը հաշվարկել է հնարավոր ռիսկերի հարցը և մենք ՀՀ իշխանությունները քաղաքականությունը ամբողջովին սատարում ենք։Ռիսկեր կան՝ և՛ այնտեղ և՛ այստեղ, բայց մի պարագայում ամեն դեպքում Հայաստանի վերացումն է, գոլորշիացումը, իսկ մյուսը՝ վերականգնվելը»,-եզրափակեց նա։
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ Եվրոպայում շատ վատ է դիտարկվում այն հանգամանքը, որ Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիա է իրականացրել ու դեռ սպառնում է նման հեռանկարով.«Քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանն էլ միասնական ճակատով են հանդես գալիս, դա կրկնակի վատ է։ Նման հայտարարությունները, սակայն, մեզ համար վտանգ չեն պարունակում։ Վտանգները մեզ համար նույնն են՝ ո՛չ ավելանում է, ո՛չ պակասում։Ունենք անադեկվատ Ալիև, շատ ավելի անադեկվատ Պուտին։ Հիմա ԵՄ դիտորդների առկայության պայմաններում մեզ համար նվազում է ֆիզիկական ագերսիայի վտանգը, բայց ընդհանուր վտանգը մնում է։ Մինչև առնվազն բունկերային գաճաճի հարցերը չլուծվեն՝ ոչինչ չի փոխվի։ Հիմա տեսեք Էրդողանն այլևս խաղի մեջ չէ, Հայաստանի մեջ չի խոսում կամ այլ թեմայով է խոսում, մնում է Ալիևը։Թուրքիան հիմա ամբողջությամբ կախված է մնալու արևմուտքից։ Այո՛, Թուրքիան կցանկանար, որ Հայաստանը լիներ թույլ, բայց նա հարյուր տոկոս նորից եղեռն իրականացնող չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Սարգսյանի խոսքերով՝ Թուրքիան այժմ իր համար նոր գլխացավանք չի ուզում.«Հիմա Էրդողանը ընտրություններից առաջ ամեն ինչ կարող է դուրս տալ, բայց եթե ռեալ նայենք՝ առանց ընտրությունների առանձնապես նոր ծրագրեր չունի։ Մարդիկ մոռանում են, որ ադրբեջանական բանակը, մեծ հաշվով, Ռուսաստանից է սնվում։ Միջանցքը պետք է Ադրբեջանին ու Ռուսաստանին, իսկ Թուրքիայի խորքային պետությանն այդ միջանցքը անհրաժեշտ չէ։ Այսինքն՝ Թուքրիան դեպի արևելք ունի իր ալիքները, իրեն այդ մի կտորը պետք չէ։ Այդ մի կտորը պետք է հենց Ռուսաստանին և Ռուսաստանիւ պրոքսի Ադրբեջանին։ Թուրքիան կպայմանավորվի Հայաստանի հետ։Թուրքիան հիմա Հայաստանի հետ պատրաստ է ունենալ նույն հարաբերությունները, ինչ Հունաստանի։ Կարող է առավոտը զարթնեն ասեն հրթիռներով կխփենք Աթենքին, բայց երկրաշարժ է լինում՝ փաթաթվում են իրար։ Թուրքիան ռիսկ է, բայց կառավարելի, Ադրբեջանն ու Ռուսաստանն՝ անկառավարելի»,-եզրափակեց նա։