
Մյունխենի անվտանգության համաժողովում Կովկասի երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված քննարկումը Հայաստանում արժանացել է բոււռն արձագանքի, ինչը նաև միանգամայն ակնկալելի էր շատ հասկանալի պատճառներով: Արձագանքը սակայն, ինչպես միշտ, ծավալվում է ծայրահեղությունների տրամաբանությամբ: Հանրային մի շերտ չափազանց սուր և կոշտ, ոչնչացնող քննադատության է ենթարկում Փաշինյանի մասնակցությունն ու պատասխանները՝ թե Ալիևին, թե իրեն ուղղված այլ հարցերին, իսկ հանրային մի շերտ էլ արձանագրում է Փաշինյանի հռետորաբանության հաջողությունն ու որակը: Ես չեմ մտնի թե մեկի, թե մյուսի դաշտ, որովհետև ըստ իսկ Մյունխենի համաժողովում գործնականում ծավալվել է բոլորովին այլ գործընթաց, որի ընդամենը մի օղակ էր «կովկասյան պանելը», որտեղ մասնակիցները կամա, թե ակամա ստանձնել էին անվտանգության այդ համաժողովի առանցքային «ուղենիշի» սպասարկման գործառույթ՝ Ռուսաստանի թիրախավորում և միջազգային անվտանգության ճարտարապետության համատեքստում Ռուսաստանի դերի առավելագույն մեկուսացում և այսպես ասած ենթակայեցում:
Գաղտնիք չէ, որ Կովկասը այդ իմաստով դիտվում է առանցքային ռեգիոններից մեկը: Որն է Հայաստանի և Կովկասի մյուս երկրների էքզիստենցիալ խնդիրը, համենայն դեպս ըստ տրամաբանության: Չհայտնվել մուրճի ու սալի արանքում, այսինքն չդառնալ ՌԴ հանդեպ Արևմուտքի ռազմավարության թիրախային դաշտ կամ առավել ևս մարտադաշտ: Թվում է, որ այդ խնդիրը պետք է միավորի Կովկասի երեք երկրներին և նրանց ղեկավարներին, անգամ հակամարտության առկայության պարագայում: Բայց, անկասկած էր, որ առնվազն Ադրբեջանի նախագահը չունի այդպիսի մտադրություն, կամ գուցե պատրաստ է, բայց, եթե Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են ճանաչել Կովկասում Ադրբեջանի հատուկ դերն ու առաջատարությունը, այլ չդիտեն Բաքուն իբրև իրենց հավասար ռեգիոնալ կողմ: Սա է Ալիևի քաղաքականության նպատակներից մեկը, որը չի կարող Հայաստանի ու Վրաստանի համար լինել ընդունելի: Բայց, Արևմուտքի համար, այսպես ասած գերակա Արևմուտքի համար այդ դերը առնվազն քննարկելի և դիտարկելի է, գոնե առայժմ, քանի որ այն օգտակար է Կովկասն ապակայունացման մշտական ռիսկի ենթակա պահելու համար, ինչը «փշերի վրա» է պահելու թե Ռուսաստանը, թե Իրանը:
Հայաստանն ու Վրաստանն այստեղ մնում են բավականին բարդ խնդիրների առաջ, որոնք դրսևորվում են տարբեր կերպ, տարբեր ինտենսիվությամբ, սակայն ըստ էության ունեն ընդհանուր արմատ: Երևանն ու Թբիլիսին եռյակի քննարկմանը, ամեն մեկը յուրովի, փորձեց ընդգծել իրենց կառուցողականությունն ու Բաքվի ապակառուցողականությունը: Սակայն, դա գործնականում չափազանց անկարևոր հանգամանք է միջազգային հարաբերությունների ներկայիս կոշտ ու դաժան պատմական շրջափուլում, քանի որ գերակա խնդիրը այն է, ինչ հիշատակեցի վերևում՝ Ռուսաստանի դեմ պայքար և փաստացի պատերազմ, որի առնվազն պրոքսի գոտի դիտարկվում է նաև Կովկասը: Երևանն ու Թբիլիսին ունեն այստեղ իրավիճակը բալանսավորելու համատեղ հրամայական: Դրա լուծման առնվազն փափուկ մեխանիզմներ գտնելը անհրաժեշտություն է, քանի դեռ շարունակվում է համաշխարհային կոշտ պատերազմը: Դրա տաք ռեժիմը Կովկասից հեռու պահել ու Ադրբեջանը արդյունավետ գործընկեր չէ, քննարկումը ցույց տվեց դա: Միաժամանակ, ցավոք սրտի, քննարկումը ցույց տվեց, որ գործընկեր չէ նաև միջազգային հանրությունը, այլապես «կովկասյան պանելի» կազմակերպումը կլիներ այլ մակարդակի և քննարկումը չէր վերածվի «հավանական ապակայունացման ալիբիի», այն իմաստով, որ ի ցույց էր դնում, թե կողմերը որքան հեռու են համատեղ խաղաղ գոյակցությունից: Ի վերջո, չկար դա ևս մեկ անգամ ի ցույց դնելու ավելորդ անհրաժեշտություն: Անհրաժեշտություն են այդ խաղաղ գոյակցության հնարավորությունները և գործնական հեռանկարները բարձրացնելուն և զարգացնելուն միտված քայլերը, իսկ դա պահանջում է առնվազն Ադրբեջանի ագրեսիվ հավակնոտությունը զսպելու քաղաքականություն: Միջազգային դերակատարները Բաքվի հանդեպ առայժմ ունեն բոլորովին այլ վարքագիծ, քանի որ, ինչպես վերը նշեցի, առնվազն այս փուլում ունեն բոլորովին այլ ռազմավարական նպատակներ, քան Կովկասի կայուն խաղաղությունը: