
Փաստաբանական և իրավաբանական հանրույթը մտահոգված է հունվարի 7-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով, որոնք ստեղծում են լրացուցիչ հնարավորություններ դատավոր դառնալու համար։ ԲԴԽ-ն այս փոփոխությունը հիմնավորում է նրանով, որ սա հնարավորություն կտա հավակնորդներին հատուկ կարգով որակավորման ստուգման փուլերը հաղթահարելուց հետո՝ ընդգրվել դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում 6-8 ամիս ուսուցում անցնելու: Նշվում է, որ որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 14-ն է:
Նախկինում դատավոր դառնալ ցանկացողները 6-8 ամիս պետք է ուսանեին Արդարադատության ակադեմիայում, ինչից հետո համապատասխան քննություններ հանձնեին։ Նոր կարգը թեկնածուների մասնագիտական չափանիշների որևէ փոփոխություն չի ենթադրում և միայն բավարար է, որ դատավոր դառնալ ցանկացող անձն իրավաբանի բակալավրի աստիճան։
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, բացասական գնահատեց այս փոփոխությունը, նշեց, որ այն չի դրվել քննարկման, փաստաբանական և իրավաբանական հանրությունը կյանքի կոչված փոփոխությանը տեղեկացել է համացանցից։
«Ի՞նչ է նշանակում՝ ով փողոցից գա։ Ստացվում է՝ որևէ համալսարանից կարող է անձը գալ և դատավոր դառնալ։ Այն ժամանակ սովորական իրավաբանին, ինչպես ես եմ, գոնե տանում էին մեկ տարի Արդարադատության ակադեմիայում սովորեցնում էին, թե ինչ է դատավորը, ինչով է տարբերվերում, օրինակ, թաղայինից։ Իսկ մենք այսօր ամեն պատահածի ուզում ենք դնել դատավոր»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ դատավորներին ոչ թե փոխելու, այլ վեթինգի ենթարկելու անհրաժեշտություն կա․ «Մեզ պետք չէ ապացուցել՝ ով է նարկոման, ով է հարբեցող և ով է կազինոյում խաղացող։ Իշխանությունը խոստում է տվել 2019թվականի մայիսի 20-ին, որ վեթթինգ է իրականացնելու։ Եվ բոլորին պետք էր հանել, վեթթինգի ենթարկել, իսկ լավերին հետ բերել։ Նրանք, հավատացեք, շատ են։ Մոտ 280 դատավոր ունենք, որոնցից 40-ն են անհաջող։ Նրանց պետք էր հանել, մաքրել, հետ բերել, այլ ոչ թե ով Վարդանանց համալսարանի դիպլոմ ունի դատավոր դարձնել։ Ինձ այսօր եթե ասեն՝ դարձի դատավոր, ես կհրաժարվեմ։ Օբյեկտիվությունը ես չեմ կարող պահել»,-ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ Կարեն Անդրեասյանին և Գրիգոր Մինասյանին պետք է հարցնել՝ սա ռեֆորմի որ տեսակն է, սրանո՞վ ինչ եք ուզում անել, քանի որ սա իրենց նախաձեռնությունն է։
«Թող վեթինգ անեին, ես դեռ այն ժամանակ ասում էի տվեք վեթթինգ իրականացնեմ, իսկ ես մտնելու եմ սենյակներ, այդ դատավորներին հանեի։ Դրանից բացի, երկու ամսից լինում է հինգ տարի, դատախազությունում որևէ բան չի փոխվել, թեև նոր դատախազ է, բայց այնտեղ բան չի փոխվել, քննչականում նույնպես բան չի փոխվել, բացի Քյարամյան Արգիշտիից, կառույցը դարձել է ավելի վատը, ոստիկանությունում բան չի փոխվել, ոստիկանը ինչպես եղել է ապուշ, շարունակում է մնալ այդպիսին։ Իսկ հիմա այս նախագծով՝ բոլորը կարող են դատավոր դառնալ, այս դեպքում չարբախցի Նորոյին բերեք, նա ավելի լավ է հասկանում, Յոնջլախում լիքը լավ տղա կա, կյանքից լավ էլ հասկանում եմ, բերեք դատավոր կարգեք»,-հավելեց Սիրունյանը։