Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Associated Press գործակալությունը սեպտեմբերի 11-ին ընդառաջ հետազոտություն է անցկացրել՝ պարզելու ահաբեկիչների քանակն աշխարհում ընդհանրապես և տարբեր երկրներում առանձին վերցրած։ Հետազոտությունն անցկացվել է աշխարհի 66 երկրներում, որոնց բաժին է ընկնում աշխարհի բնակչության 70 տոկոսը։
Այն ցույց է տվել, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ցայժմ համայն աշխարհում ձերբակալվել է 119,044 ահաբեկիչ, իսկ 35,117 մարդ դատապարտվել է որպես ահաբեկիչ։ Այդ թվի 1/3-ը՝ 12,897 մարդ, բաժին է ընկել Թուրքիային։
2005 թվականին Թուրքիայում որպես ահաբեկիչ է դատապարտվել 273 մարդ, սակայն 2006 թվականի «ահաբեկչության դեմ պայքարի» օրենքում փոփոխություններ մտցնելուց հետո՝ 2009 թվականին, այդ ցուցանիշը կազմել է 6345։ Վերջին 10 ամսում դատապարտված ահաբեկիչների թվով Թուրքիան աշխարհի բացարձակ առաջատարն է։
Ամերիկյան լրատվական գործակալությունը նշում է, որ Թուրքիայում որպես ահաբեկիչ դատապարտված անձանց հարցում կարծիքները կիսվում են. մի մասը նրանց (քրդերին) դիտարկում է որպես ահաբեկիչներ, իսկ մյուսները՝ ազատության համար պայքարի մարտիկներ։
Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 7000 ահաբեկիչ։











































