Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Ազգային համագործակցության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:
Նիստին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա կառավարության անունից ողջունել է «Ազգային համագործակցության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամներին:
«Գաղտնիք չէ, որ էլեկտրոնային հասարակության ձևավորման համատեքստում ինտերնետի, ՏՏ դերի նշանակությունը ժամանակակից աշխարհում օրեցօր մեծանում է, և մենք իրավունք չունենք հետ մնալու այդ գործընթացից, իսկ որոշ տեղերում նույնիսկ ավելի մեծ առաջընթաց պետք է ունենանք»,- ասել է Տ. Դավթյանը` ողջունելով և կարևորելով հիմնադրամի ստեղծումը:
«Էլեկտրոնային հասարակություն, ազգային համագործակցության ցանց ստեղծելու առաջարկը եղել է հասարակական կազմակերպությունների կողմից և համահունչ է կառավարության խնդիրներին»,- նշել է նա:
Նախարարն ընդգծել է, որ հոգաբարձուների խորհրդում ներգրավված են բավական հեղինակավոր մարդիկ, որոնց հետ նախարարությունն ունի համագործակցության հարուստ փորձ և նշեց, որ սա պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ է:
Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը:
ԱՀՑ-ն նպատակ ունի, ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակացական տեխնոլոգիաներից օգտվելով, առավել բարենպաստ պայմաններ ստեղծել հայ մշակութային առանձնահատկությունների պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման համար: «Ազգային համագործակցության ցանց» (ԱՀՑ) պորտալի շնորհիվ մեր հայրենակիցները, անկախ բնակության և գործունեության վայրից, կստանան գործնական խնդիրների լուծման, ինքնազարգացման, հանգստի, ուսման, փոխօգնության կազմակերպման մասին տեղեկատվություն ստանալու լրացուցիչ հնարավորություններ»,- ասել է Ա. Սադոյանը:
Նիստի ընթացքում Ազգային համագործակցության հիմնադրամի հոգեբարձումների խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) և Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանը, իսկ հիմնադրամի գործադիր տնօրեն` Արշակ Սադոյանը:








































