
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ փետրվարի 24-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ, որոնք նվիրված են լինելու ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։ Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնեց նախաագիծը։
Առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը, Տիգրանյանի հիմնավորմամբ, բխում էր իրավակիրառ պրակտիկայում բացահայտված խնդիրներից, մասնավորապես նորմերի կամ եզրույթների այնպիսի տարընթերցումից, որոնք ընդհուպ մինչև դատական վեճի առարկա են դադձել։
«Այս առումով շատ կարևոր է, որպեսզի կիրառողները միասնական մոտեցում ունենան և կիրառման ընթացքում որևէ կերպ չխախտվի օրենսդիրի նախնական միտքը։ Կարևոր փոփոխություններ են կատարվել կապված աշխատողի հանգստի իրավունքի կազմակերպման հետ կապված հարցերում։
Պրակտիկայում շատ հաճախ լինում են դեպքեր, երբ գործատուն աշխատողին չի տրամադրում ամենամյա արձակուրդը, որը աշխատողի իրավունքն է, բայց նաև հիմնավորում է նրանով, որ աշխատողն ինքը չի ցանկացել օգտվել իր արձակուրդի իրավունքից։ Եվ հիմա սահմանվում է նոր կանոն, որ արձակուրդի համար պարտադիր է աշխատողի գրավոր դիմումը, բայց եթե աշխատողը կչարաշահի իր այս իրավունքը, այսինքն՝ շարունակաբար չի դիմի գործատուին արձակուրդ գնալու համար, ապա երկուսուկես տարի արձակուրդը չօգտագործելու դեպքում գործատուին իրավունք է տրվում միակողմանի որոշելու, թե երբ ուղարկի աշխատողին արձակուրդ»,-ասաց պատգամավորը։ Նրա խոսքով սա կարևոր է, որպեսզի հետագայում աշխատանքից ազատվելիս գործատուի համար մեծ ֆինանսական բեռ չդառնա բոլոր չօգտագործած տարիների համար աշխատողին փոխհատուցում տալը։
Նախագծի փոփոխություններից մեկն էլ, Տիգրանյանի խոսքով, վերաբերում է ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու հնարավորությանը:
«Այսօրվա կարգավորումներով այդ հնարավորությունն ունի մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ծնողը, ընդ որում կարևոր չէ՝ մայրը, թե հայրը:
Մենք այդ ժեմը բարձրացնում ենք մինչև երկու տարեկան: Այսինքն եթե աշխատողը իր խնամքին ունի մինչև երկու տարեկան երեխա, կարող է օգտվել ոչ լրիվ աշխատելու աշխատանքային գրաֆիկից»,-հավելեց նա:
Մի շարք կարգավորումներ վերաբերում են պարզեցումներին: Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ՝ մասնավորապես, պրակտիկայում նաև դատական վեճի առարկա է դարձել, թե ինչ է նշանակում աշխատանքի վայր, որն է աշխատողի աշխատանքի վայրը. ենթադրենք մարդը հասավ այն շինությանը, որտեղ պետք է իրականացնի իր աշխատանքային գործունեությունը, իր աշխատանքի վայրը փողոցն է, հասցեն է, շենքն է, աշխատասենյակն է: Այս հստակեցումներն են արվել, որպեսզի նաև աշխատավայրից դուրս կատարվող աշխատանքը գործատուն պետք է ձևակերպի որպես գործուղո՞ւմ, թե՞ դա մտնում է պարտականությունների մեջ:
«Որպես նորարարություն այս նախագծով ներմուծում ենք փորձնակի հասկացությունը, որը ամենակարևոր փոփոխություններից է: Մենք հիմա ունենք աշակերտի ինստիտուտ, որ եթե գործատուն ուզում է կադր պատրաստել, ապա մինչև 6 ամիս ժամկետով պայմանագիր է կնքում, նվազագույն աշխատավարձ է վճարում և պատրաստում է կադրեր: Սա վերաբերում է բոլորին: Փորձնակի համար սահմանում ենք, որ եթե նա որևէ ուսումնական հաստատությունում է սովորում կամ վերջին մեկ տարում է ավարտել, և դիմում է որևէ գործատուի՝ աշխատանքի հմտություններ ձեռք բերելու համար, այդ դեպքում նրա աշխատանքի վարձատրության հարցը կարգավորվում է նրա և գործատուի միջև պայմանավորվածությամբ: Ըստ էության, դա աշխատող չէ դասական իմաստով, որովհետև նա դեռ հմտություններ ձեռք բերող է: Մենք շեշտը դրել ենք ուսումնական հաստատություններում սովորողների վրա, որպեսզի նրանք հետագայում իրենց ուսումից հետո կարողանան աշխատաշուկայում հեշտ իրացվել, ունենան համապատասխան կրթություն և որոշակի հմտություններ, որոնք ստացել են որպես փորձնակ աշխատելու ժամանակ»,-ասաց նա: