
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անկարայում իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո վերահաստատեց Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը։
«Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը», – նշեց նա:
Միրզոյանն ասաց՝ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող դետալներ են քննարկել, ունեն համաձայնություն՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ հոգալ ենթակառուցվածքների մասին։
Արդյոք խոսքը սահմանային անցակետերը վերանորոգելու մասին էր, չհստակեցրեց։
«Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», – նկատեց նա:
Արարատ Միրզոյանը իր խոսքը սկսեց Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանն ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակցությամբ։
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ ՀՀ ԱԳ նախարարի ու իր պատվիրակության Թուրքիա կատարած այցը միանշանակ դրական է, քանի որ քայլեր են ձեռնարկվում փոխադարձ լարվածությունը մեղմելու համար.«Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ ամեն ինչ ավելի պարզ կլինի այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կնքվի։ Այսինքն՝ քանի դեռ այդ պայմանագիրը չի կնքվել, մենք դեռևս վերջնական արդյունքներ չունենք։ Կամուրջ վերանորոգել, չվերթներ բացել… այդպիսի ծրագրեր նախկինում էլ են եղել՝ դեռ նախքան 44 օրյա պատերազմը։Դրանք, ըստ իս, հարաբերությունների ամբողջական վերականգնմանը չեն վերաբերում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Խուդավերդյանի՝ հարաբերություններն ամբողջապես կվերականգնվեն միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելուց հետո.«Քանի դեռ կարգավորված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել։ Դա մշտապես եղել է Թուրքիայի գլխավոր նախապայմանը»։
Թուրքագետի խոսքերով՝ Անիի կամրջի վերականգնման շուրջ պայմանավորվածությունն ընդամենը փոքր դրսևորում է՝ փոխադարձ լարվածությունը թուլացնելու համար.«Կրկնեմ՝ երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվի վերջնական հաշտության պայմանագիր, կողմերը հանդես գան վերջնական հայտարարություններով, այդ ժամանակ էլ արդեն կբարելավվեն հայ-թուրքական հարաբերությունները։ Թուրքիան այդ նախապայմանից հետ չի կանգնի»։
Մուշեց Խուդավերդյանը վերահաստատում է՝ հայ-թուրքական փոխայցերը միանշանակ դրական են.«Հայաստանի 30 ամյա անկախության պատմության մեջ այդպիսի փոխայցեր շատ քիչ են եղել, գրեթե չեն եղել։ Իհարկե սա լավ ֆոն է ստեղծում,շփման կարծրատիպերը կոտրվում են, նոր հնարավորություններ բացվում»։
Մեր այն դիտարկմանը, թե կա տեսակետ, որ Թուրքիան երբեք էլ չի հրաժարվի հայերին ոչնչացնելու քաղաքականությունից, թուրքագետն արձագանքեց.«Եթե Թուրքիան հայերին ոչնչացնելու քաղաքականություն ունենար, Թուրքիայում մեկ հայ չէր ապրի։ Այսօր Թուրքիայում տասնյակ հազարավոր հայեր են ապրում և ապրում են անվտանգ միջավայրում, հետևաբար թուրքական քարոզչության մեջ հայ ոչնչացնելու գաղափար չկա։ Այո՛, կան ծայրահեղական խմբեր, որոնք ծայրահեղական գաղափարներ են արտահայտում, սակայն բոլոր երկրներում էլ ազգայնամոլական տարրեր կան՝ այդ թվում նաև Հայաստանում»,-եզրափակեց նա։