Հայկական տեղեկատվական տիրույթը գործնականում ուշադրության չարժանացրեց Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսիի այցը Չինաստան, որտեղ տեղի ունեցան չին-իրանական բարձր մակարդակի բանակցություններ: Ինչ խոսք,, չափազանց շատ են Հայաստանին անմիջականորեն մոտ տեղի ունեցող զարգացումները, ինչն էլ բնականաբար արժանանում է ավելի մեծ ուշադրության: Սակայն, թեման ընդհանուր առմամբ դուրս է մնում նաև հայաստանյան հասարակական-քաղաքական դիսկուրս ձևավորող սուբյեկտների ուշադրությունից, այն դեպքում, երբ Կովկասը գործնականում այլևս ոչ միայն ռուս-ամերիկյան մեծ դիմակայության, այլ թերևս ամերիկա-չինական մեծ դիմակայության գոտի է, որը ներկայումս արտահայտվում է իհարկե լատենտ բնույթի իրողություններով, որոնք սակայն ժամանակի ընթացքում կարող են լինել առավել ազդեցիկ և շոշափելի:
Ավելին, ամերիկա-չինական դիմակայությունը կամ մրցակցությունը գործնական իմաստով այսօր իսկ ունի ռեգիոնալ իրողությունների վրա շոշափելի ազդեցություն, չնայած դրսևորման լատենտ բնույթին: Բազմիցս արտահայտվել եմ այն հանգամանքի մասին, որ բոլորովին լոկ մեծամոլություն չէ, երբ Չինաստանը որոշում է Հայաստանում կառուցել եվրասիական ռեգիոնում մեծությամբ իր երկրորդ դեսպանատունը՝ Մոսկվայից հետո: Չինական կենսափիլիսոփայությանն ընդհանրապես խորթ են այդօրինակ ցուցամոլությունները: Մեծ դեսպանատունը՝ Եվրասիա ռեգիոնում իր մեծությամբ Պեկինի երկրորդ դեսպանատունը արտահայտոում է ֆունկցիոնալ պահանջները, որ տեսնում կամ դիտարկում է Չինաստանը այստեղ, և՝ այստեղից: Խոսքը բոլորովին այն մասին չէ, որ մեծ դեսպանատունը վերաբերմունք է Հայաստանի հանդեպ:
Անկասկած է, որ իր մասշտաբով այն արտահայտում է Պեկինի ռեգիոնալ դիտարկումներն ու ընկալումները, և ֆունկցիոնալ հնարավորությունների մասշտաբը չափվում է այդ ռեգիոնալ տրամաչափով: Իսկ դա նշանակում է, որ Չինաստանն իր գլոբալ խաղացողի զուսպ, սակայն հետևողական հավակնությամբ ուշադրության առարկա է դարձրել նաև Կովկասը՝ թերևս մեծմերձավորարևելյան համատեքստում, որը ներառում է նաև երկու տարի առաջ Իրանի հետ կնքված խոշորագույն համաձայնագիրը՝ 25-ամյա գործակցություն, մոտ 500 միլիարդ դոլարի ծրագրային նպատակադրումներով: Իհարկե, դեռ պետք է տեսնել, թե ինչպիսին կլինի այդ ամենի իրագործման երկար ճանապարհը, սակայն տվյալ պարագայում հատկանշականը նպատակադրումներն են: Այդ համատեքստում է, որ Միացյալ Նահանգները Չինաստանը հայտարարում է իր գլխավոր մրցակից: Մրցակիցները նախագահների մակարդակով հանդիպեցին նախորդ տարի նոյեմբերին՝ Բալիում, Մեծ Քսանի վեհաժողովում, պայմանավորվեցին ԱՄՆ պետքարտուղարի Պեկին այցի և խոսակցությունը շարունակելու մասին, սակայն փետրվարի 5-6-ին տեղի ունենալիք այցը չեղարկվեց, քանի որ ԱՄՆ երկնքում հայտնաբերվեց չինական հետախուզական աերոստատ և Վաշինգտոնն էլ կայացրեց այն խոցելու որոշում: Կա գնահատական, որ ԱՄՆ ու Չինաստանը առանցքային առևտրային գործընկերներ են, հետևաբար տնտեսության փոխշաղկապվածությունը թույլ չի տա ուժային ուղղակի, թե անուղղակի բախում:
Գործնականում կա այդ տեսական կանոնը, բայց, օրինակ 2022 թվականի տվյալով երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 700 միլիարդ դոլար, որի մոտ 80 տոկոսը Չինաստանից դեպի ԱՄՆ է: Այդ տեղեկությունը հատկանշական է ԱՄՆ նախագահ Բայդենի տնտեսական քաղաքականության ֆոնին, որը դրել է ԱՄՆ-ում արտադրության վերականգնման նպատակ: Այլ կերպ ասած, տնտեսական քաղաքականությունը, որը փաստորեն միտված է ամերիկյան շուկան չինական ապրանքների կախվածությունից ազատելուն, ինչը կարող է զգալիորեն ազատել ԱՄՆ ձեռքերը Չինաստանի հանդեպ ճնշման քաղաքականության հարցում: Այլ կերպ ասած, ոչինչ միարժեք չէ, այդ թվում տնտեսական փոխկապակցվածությունը: Օրինակ, այսօր իսկ կա ուկրաինա-ռուսական պատերազմ, սակայն դրան զուգահեռ կան նվազագույն տնտեսական հարաբերություններ՝ թեկուզ «դիվանագիտական միջնորդությամբ» տեղի ունեցող: Այդպիսով, Կովկասը առերևույթ լինելով ամերիկա-ռուսական գերակա մրցակցության տիրույթի, գործնական, խորքային իմաստով արդեն իսկ կարող է դիտարկվել ամերիկա-չինական մեծ մրցակցության գոտի, իհարկե դրա ծավալման ամենևին ոչ միարժեք կամ միագիծ սցենարներով: