«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովը։
-Պարոն Դուբնով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները չեն կարող անմասն մնալ ռուս-ուկրաինական պատերազմից և որ մոտ ապագայում պետք է կողմնորոշվեն ու հստակ դիրքորոշում արտահայտեն։ Ի՞նչ նպատակ ունի այս հայտարարությունը և ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
-Ես կարծում եմ, որ դա Մոսկվայի փորձն է՝ խաղալ այն հին խաղը, երբ իր ցանկությունները արտահայտում էր իր մոտ դաշնակիցներից որևէ մեկը։ Մի ժամանակ այդ գործառույթն իրականացնում էր Սերժ Սարգսյանը, այժմ նա նախագահ չէ, բայց կա Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն, որը համաձայն է այդ խաղում իր մասնակցությունն ունենալ։ Հիմա նա հանդես է գալիս որպես քարտուղար՝ նման հայտարարություններ անելով։ Ես կարծում եմ, որ սա Մոսկվայի որոշակի ժեստն է, բայց ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ անդամներից որևէ մեկն արձագանքի այդ կոչին։ Ղազախստանը շատ հստակ դիրքորոշում ունի, իսկ Հայաստանն այն իրավիճակում չէ, երբ կարող է աջակցել Մոսկվային, սակայն մյուս կողմից էլ, այստեղ կարող է լինել որոշակի առևտուր ու պայմանավորվածություն։ Մեծ հաշվով, ես միանգամայն հավանական եմ համարում, որ Երևանն ինչ-որ ձևով ինչ-որ ոչ միանշանակ հայտարարություն անի։
-Այսինքն՝ նկատի ունեք, որ Ռուսաստանն արդեն ուզում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները կողմնորոշվեն և դա անում է Լուկաշենկոյի շուրթերով։
-Ռուսաստանն ուզում է, որ այդ թեման բարձրաձայնվի, բայց ես կարծում եմ, որ Մոսկվան շատ լավ հասկանում է, որ նույնիսկ Երևանը չի կարող իրեն որոշակիություն թույլ տալ այդ հարցում, որովհետև բավականին բարդ խաղ է խաղում և չի կարող իրեն թույլ տալ միանշանակ աջակցություն ռուս-ուկրաինական պատերազմում։ Այս ամենը Մոսկվան շատ լավ հասկանում է, բայց ամեն դեպքում Լուկաշենկոն նման հայտարարություն է անում։
-Կարծում եք՝ խոսքը ռազմական օգնության, թե՞ քաղաքական հայտարարության մասին կարող է լինել։
-Ես կարծում եմ, որ նույնիսկ քաղաքական աջակցության մասին խոսել պետք է շատ սահմանափակ ինչ-որ հայտարարություն նկատի ունենանք։ Իսկ ահա ռազմական օգնությունը միանշանակ բացառված է։
-Անգամ նմանատիպ սահմանափակ հայտարարության դեպքում ինչպես՞ կդասավորվեն Հայաստան-արևմուտք հարաբերությունները, որոշակի դրական մթնոլորտի այս պայմաններում։
–Ըստ իս՝ Հայաստանը պետք է ստանա 200 տոկոսանոց երաշխիքներ Մոսկվայից այն ամենի համատեքստում՝ ինչ իրեն պետք է, որպեսզի հիմա իրեն թույլ տա նման հայտարարություններ անել։ Կամ հակառակը՝ պետք է ենթարկվի Մոսկվայի կողմից 200 տոկոսանոց ճնշումների։ Ոչ մեկն էլ ես հիմա չեմ կանխատեսում։ Ըստ իս՝ Երևանը կունենա այն ազատությունը, որն այսօր ունի ու կխուսափի նման հայտարարություններից։