Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը։ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև հաստատվող գործակցային հարաբերությունների առիթով՝ հույս է հայտնե;, որ պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կդառնա հայ-կորեական կապերի առավել խորացման համար:
Հայոց Հայրապետը վերհիշել է դեռևս 2013թ. Հարավային Կորեա կատարած իր այցը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր համագումարի առիթով: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում տիրող կացությանը և հետպատերազմյա մարտահրավերներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի, ինչպես նաև գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանության առնչությամբ՝ կարևորելով միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումը կանխարգելելու Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը։
Իր հերթին՝ Կիհուն Սոնը նկատել է ջանքերի ներդրումը՝ ուղղված հայ-կորեական համագործակցության սերտացմանը: Պատվիրակության ղեկավարը կարևորեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: