ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ելույթ ունենալով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստում, որն ընթանում է Բրյուսելում, վերահաստատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հավատարմությունը անկախ և ինքնիշխան Ուկրաինայի գաղափարին:
«Ավելի քան մեկ տարի առաջ Պուտինը կարծում էր, որ հաշված օրերի ընթացքում իր զորքերը կգրավեն Կիևը և կտապալեն Ուկրաինայի ժողովրդավարական կառավարությունը։ Նա կարծում էր, որ միջազգային հանրությունը պարզապես կհաշտվի դրա հետ»,-ասել է Լլոյդ Օսթինը ։
«Պուտինի ներխուժումը երկարաժամկետ փորձություն էր ողջ աշխարհի համար,–հավելել է Օսթինը,–բայց Ուկրաինայի ընկերները չեն ընկրկել, և արդյունքում նրանք հաղթել են Կիևի, Խարկովի և Խերսոնի համար մղվող մարտերում»:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Ուկրաինային արդեն 50 մլրդ դոլարի օգնություն են տրամադրել»,–ասել է նա՝ ընդգծելով, որ դեռ շատ անելիքներ կան։