
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնում
Նա ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ «նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»:
Փետրվարի 13-ին Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկման:
Ինչու՞ Արայիկ Հարությունյանը նման որոշում կայացրեց, երբ ընդամենը վերջերս հետ էր կանչել սահմանադրական փոփոխությունները նախագիծը:
Արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան-92» նախաձեռնության ղարաբաղյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց.«Ինչպես գիտեք, այս հարցը երկար ժամանակ քննարկվել է: Ավելին՝ նախագահը երկրի քաղաքական ուժերի հետ քննարկել է սահմանադրական ավելի լայն փոփոխությունների հնարավորությունները։ Բայց հետո ամեն դեպքում հրաժարվեցին լայնածավալ և հայեցակարգային փոփոխություններից»:
Նրա խոսքերով՝ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա նախաձեռնությունը բխում է երկրի իրական կարիքներից, որոնք նախատեսում են ֆորսմաժորային իրավիճակներում՝այդ թվում պատերազմի ժամանակ նախագահի հրաժարականի և օրենքով նախատեսված այլ իրավիճակներում Ազգային ժողովի կողմից նոր նախագահ ընտրելու հնարավորություն, այն դեպքում, երբ անհնար կլինի ժողովրդական ընտրություններ անցկացնել»,-եզրափակեց Օհանջանյանը: