29 ամյա Լիանա Միլիտոնյանը Մանկական ուղեղային կաթված ունի (ՄՈՒԿ): Լիանան ծնվել է ժամանակից երկու շաբաթ շուտ։ Նորածնին դրել են հատուկ ակվարիումի մեջ, սակայն բժշկական անփութության պատճառով սարքավորումներն անջատվել են, ինչի հետևանքով էլ առաջացել է խնդիրը։ «Կյանքը՝ երկրորդ փորձից» հաղորդման շրջանակներում Լիանան պատմեց, որ մի քանի անգամ վիրահատվել է՝ թե՛ Հայաստանում և թե՛ արտասահմանում, անցել է վերականգնողական երկարատև բուժում։ Այժմ հասել է այն կետին, երբ պետք է պահի եղածը։ Լիանայի մայրը բազմաթիվ դժվարություններով է անցել, իսկ երբ ինքն արդեն հասուն տարիքում հասկացել ՝ իր հետ ինչ է կատարվել, որոշել է՝ մոր չարչարանքները կիսատ չի թողնի։ Այսօր Լիանան կարողանում է ինքնուրույն շրջել քաղաքում, մեր տաղավար էլ եկել էր առանց ուղեկցողի։
Լիանան նաև փոքր բիզնես ունի՝ բժշկական հագուստ է արտադրում։ Այս հարցում ևս՝ Լիանայի օգնականը մայրիկն է, ով նաև դերձակ է։