Խորհրդարանի կառավարող մեծամասնության ներկայացուցիչները ԱԺ քննարկման են ներկայացրել օրինագիծ, որով բանկերին արգելվում է քաղաքացիներին տրամադրել արտարժույթով վարկեր: Կամ, քաղաքացիներին է արգելվում արտարժույթով վարկ ստանալ բանկից: Հիմնավորումն այն է, որ արտարժույթի փոխարժեքի տատանումները քաղաքացու և բանկի համար ստեղծում են վարկի մարման ռիսկեր: Եթե քաղաքացին չի ստանում արտարժույթով եկամուտ, ուրեմն չպետք է ստանա նաև արտարժույթով վարկ, ասում են հեղինակները: Առերևույթ բավականին հասկանալի հիմնավորում է, որ գալիս է թե քաղաքացու ֆինանսական վիճակի, թե երկրի ֆինանսա-բանկային կայունության մասին մտահոգությունից:
Գործնականում սակայն, նախաձեռնություն է, որը պայմանական իմաստով՝ գլխացավի հետ կապված խնդրի բուժման միջոց է դիտարկում գիլյոտինը, գլխատումը: Այսինքն, կա՞ ռիսկ, ուրեմն պետք է արգելել գործունեության այդ ձևը, և ռիսկը կվերանա: Սա այն դեպքում, երբ խոսքը մի երկրի մասին է, որտեղ հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ ոչ ուղիիղ, սակայն անուղղակի, դե ֆակտո իմաստով եկամուտ են ստանում արտարժույթով՝ քանի որ ապրում են արտերկրից ստացվող տրանսֆերտներով: Այսինքն, կան հազարավոր մարդիկ, որոնց համար կարող է նախընտրելի լինել արտարժույթով վարկը, օրինակ Հայաստանից դուրս գտնվող իրենց հարազատի համար որևէ գործողություն կատարելու նպատակով: Հնարավոր է թերևս դիտարկել այլ օրինակներ ևս, երբ Հայաստանի քաղաքացու համար կարող է նպաստավոր լինել վարկն արտարժույթով վերցնելը:
Վարկ վերցնելն ընդհանրապես քաղաքացու ռիսկն է՝ դրամով այն, թե արտարժույթով: Որովհետև, օրինակ, նույն կերպ երաշխավորված չէ քաղաքացու որևէ աշխատատեղ, այսինքն, դրամով եկամուտ ստացող մարդը հաջորդ օրը կարող է կորցնել իր աշխատատեղը, ըստ այդմ դառնալ անվճարունակ վարկառու: Նույն տրամաբանությամբ, մարդուն պետք է արգելել նաև դրամով վարկ վերցնելը, կամ վարկ տալ միայն այն դեպքում, երբ նա կբերի վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար իր աշխատատեղը երաշխավորող տեղեկանք:
Հասկանալի է, որ հասնում ենք աբսուրդի, բայց ցանկացած աբսուրդ իրավիճակ սկսում է հենց առաջին, թվում է թե հիմնավոր քայլերից: Մեկ էլ հանկարծ հանրությունը պարզում է, որ արդեն այնպիսի խորը աբսուրդի մեջ է, որ դուրս գալն այլևս պահանջում է տիտանական ջանքեր: Այն, որ պետությունը պետք է հոգ տանի թե քաղաքացիների, թե ֆինանսա-բանկային համակարգի կայունության մասին, անկասկած է: Բայց, դա պետք է անել ոչ թե գիլյոտինային մեխանիզմով, այլ այնպիսի մեթոդների գործադրմամբ, որոնք չեն սահմանափակի քաղաքացիների ընտրության հնարավորությունը: Ի վերջո, դա անգամ էքզիստենցիալ, կոնցեպտուալ, փւիլիսոփայական հարց է՝ երկրում վարվող տարատեսակ քաղաքականությունների հիմքում քաղաքացու ընտրության հնարավորությունը մեծացնելու՞, թե՞ սահմանափակելու տրամաբանությունն է: Ընդ որում, այստեղ հարկ է նույնիսկ ստանալ ՍԴ գնահատականը, հասկանալու համար, թե այդօրինակ կոնցեպտը ընդհանրապես որքանով կարող է համահունչ լինել Սահմանադրական իրավունքներին, որ ունի ՀՀ քաղաքացին: Ասել կուզի, նախաձեռնությունը բացի զուտ տնտեսագիտական ասպեկտից, որի վերաբերյալ մի շարք հարցեր գործնականում չեն արժանանում համոզիչ և փաստարկված պատասխանի, ունի նաև այդ հայեցակարգային, փիլիսոփայական, իրավա-քաղաքական մտածողության և արժեհամակարգային էքզիստենցիալ հարցը, երբ գիլյոտինով գլխացավ «բուժելու» բանաձևը նախադեպայինից կարող է սահուն անցում կատարել արդեն տրենդայինի, ներառելով նորանոր ոլորտներ և առաջ շարժվելով քաղաքական պոպուլիզմի դրոշի ներքո: Որպես կանոն, տնտեսությունները և քաղաքացիները միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում շատ ավելի թանկ են վճարում այդպիսի մեթոդաբանությամբ կառավարման համար:











































