
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 8-ին հանդիպել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ:
Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհանիսյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ Հայաստանը մի շարք երկրների ֆինանսների նախարարությունների հետ երկկողմ ձևաչափով փորձի փոխանակման համագործակցության ծրագրեր ունի և ընդգծել, որ բավականին օգտակար կլինի նման համագործակցության հնարավորության դիտարկումը նաև ճապոնական կողմի հետ:
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։