
2023-ի հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել միգրացիոն փոփոխություններ, որոնք վերաբերում են հարկերի բարձրացմանը։ «Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար դրանք բարձրանալու են շուրջ 6.5 տոկոսով, իսկ ոչ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար հարկերը կբարձրանան 11-11.5 տոկոսով: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն ընդհանուր կվճարեն 43 տոկոս հարկ՝ նախկին 37.5-ի փոխարեն:
Այս առնչությամբ՝ ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հիմա այնպիսի իրավիճակ է, որ աշխատուժի մեծ կարիք կա, քանի որ շատ մարդիկ հեռացել են երկրից: Նման փոփոխությունն անհեթեթ կլինի, առավել ևս, ԵԱՏՄ-ի սահմաններում»,-ասաց նա:
Ռուբեն Կիրակոսյանի խոսքով՝ հիմա քայլեր են արվում, որ ԵԱՏՄ սահմաններում աշխատուժի ընդհանուր շուկա ստեղծվի, մարդիկ աշխատանքի արտոնություններ ունենան.«Եթե Ռուսաստանում պետք է բարձրացնեն հարկերը, ապա ԵԱՏՄ-ի մյուս երկրներում էլ պետք է բարձրացնեն, որ ամեն տեղ նույնը լինի: Պետք է բոլոր տեղերում հարկային պայմանները հավասար լինեն:
Այլ բան, որ ուզում են բարձրացնել հարկային ռեզիդենտների համար հարկերը: Դա վերաբերում է ՌԴ քաղաքացիներին, որ եթե, օրինակ, լքում են Ռուսաստանը, 180 օրից ավելի գտնվում են երկրի սահմաններից դուրս, նրանց համար հարկային տարիֆը բարձրանում է, քանի որ նրանք արդեն համարվում են օտար պետության հարկային ռեզիդենտ: Սա վերաբերում է ՌԴ քաղաքացիներին, օրինակ, նրանց, որոնք հիմա գտնվում են Հայաստանում: Եթե նրանք աշխատում են Հայաստանում, իրենց Ռուսաստանում ստացված եկամուտներից հարկը 30 տոկոս է դառնում 13 տոկոսի փոխարեն: Ռուսաստանում այդ մարդկանց արածը համարում են անարդար, ոչ հայրենասիրական քայլ, ուզում են գույքային սանկցիաներ մտցնել»,-ընդգծեց փաստաբանը:
Հարցին, թե ի՞նչ սահմանափակումների մասին է խոսվում, նա արձագանքեց. «Քննարկումներ են գնում դեռ դեկտեմբերից, բայց դեռ ոչ մի կոնկրետ բան չկա: Դա իրավական չի, քաղաքական քայլ է: Տարբեր պատգամավորներ տարբեր բաներ են առաջարկում՝ հաշվեհամարից բռնագանձել, կամ անշարժ գույքը բռնագանձել: Հիմար-հիմար բաներ են խոսում, ինչ-որ մի բան ուզում են անել, որ գնացածները շահագրգռված լինեն վերադառնալ: Բայց դա այնքան հակասահմանադրական է, որ չգիտեմ, թե որն են կարողանալու հիմնավորել:
Ամենամեծ հավանականությունն այն է, որ հարկերը բարձրացնեն այդ մարդկանց համար: Այն մարդը, որ գտնվում է Հայաստանում, բայց հեռավար կարգով ռուսական ընկերության համար աշխատում է, իր վրա դա չի ազդի, հարկը կմնա 13 տոկոս»:
Ինչ վերաբերում է ՌԴ-ից արտահոսքին, Ռուբեն Կիրակոսյանն ասաց, որ այն կանգ է առել. «Կարծում եմ՝ կայունացել է, ով գնալու էր, արդեն գնացել է, անգամ լսել եմ, որ 40 հազարը հետ են վերադարձել Հայաստանից»:
Իսկ թե քանի մարդ է պատերազմից ի վեր լքել Ռուսաստանը, նա նկատեց, որ դա քաղաքական տեղեկություն է, չեն հրապարակում, ինչպես չեն հրապարակում զոհերի թիվը, թեև նախկինում այդ միգրացիոն շարժերը հրապարակվում էին համապատասխան կայքում: