
Գերմանիան էական մասնակցություն կունենա Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքերին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի հանդիպման արդյունքները։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջին 30 տարիների ընթացքում մարդկային հսկայական տառապանք է պատճառել։ Տարածաշրջանի կայունացմանն աջակցելու համար ԵՄ-ն որոշել է քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որին Գերմանիան էական մասնակցություն կունենա»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի էջում արված հրապարակման մեջ։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ խոսքը գնում է Եվրամիության յուրաքանչյուր անդամ պետության ներդրման մասին.«Այսինքն՝ թե որ պետությունն ինչքան ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ կուղղի այդ առաքելության համար։ Այսինքն՝ ես այստեղ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքերով՝ Գերմանիան վերջին տարիների ընթացքում մեծ դերակատարություն ուներ՝ 2013 թվականից ի վեր ոչ բացահայտ մոդերատորի դեր էր ստանձնել Հայաստանի ու Եվրամիության ինտեգրման գործընթացում.«Դա այն ժամանակ էր, երբ ՀՀԿ-ն իշխող ուժ էր և միաժամանակ ԵԺԿ անդամ կուսակցություն։ Բայց դա հիմա անցյալում է, լիովին այլ քաղաքական դասավորություն է, և Գերմանիան պարզապես վերահաստատեց իր համար առաջնայնությունը Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցում։ Դա քաղաքականություն է, որը տևական ժամանակ է՝ ձևավորվել է։ Տարբեր քաղաքական ուժեր՝ գտնվելով իշխանության մեջ հետևողական են այդ քաղաքական դրսևորման մեջ։ Ե՛վ նախկինում Քրիստոնեա-դեմոկրատները և՛ հիմա Սոցիալ-դեմոկրատները ունեն այն դիրքորոշումը, որն արտահայտվում է նման քայլերի մեջ. նպաստել Հայաստանին բոլոր այն հարցերում, որտեղ հնարավոր է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր այն դիտարկմանը, թե միևնույն ժամանակ կա կարծիք, որ Գերմանիայում բավականին հզոր է թուրքական համայնքը և դա ազդեցություն է ունենում պետության քաղաքականության վրա ու այդ իմաստով Գերմանիան երբեք մեզ համար Ֆրանսիա չի դառնա, Ղուկասյանն արձագանքեց.«Եթե մենք համեմատենք 2018 թվականի Ֆրանսիայի Սենատի բանաձևերը Գերմանիայի Բունդեսթագի բանաձերի հետ, ապա իհարկե կտեսնենք, որ Գերմանիայի քաղաքական դիրքորոշումը, այսինքն խորհրդարանական ուժերի կարծիքը եղել է ավելի մեղմ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ։ Ֆրանսիան բացահայտ իր դիրքորոշումը ներկայացրեց՝ առ այն, որ ագրեսիան անընդունելի է։ Բայց մեծ հաշվով, և՛ Գերմանիան և՛ Ֆրանսիան կանգնած են Թուրքիայի հանդեպ շատ կոշտ դիրքորոշման հետևում, որի համաձայն Թուրքիան առանց Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու չի կարող դառնալ Եվրամիության անդամ և առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, չի կարող հանգուցալուծվել Արցախի կարգավորման հարցը։ Չմոռանանք, Գերմանիան հանդիսանում է Մինսկի խմբի անդամ, ինչպես Իտալիան, Ֆրանսիան, Շվեդիան, Ֆինլանդիան ու մի շարք եվրոպական պետություններ։ Իրենք ունեն խնդրի հետ անմիջական առնչություն։ Անձամբ իմ փորձով, նախորդ դեսպանի հետ շփման համատեքստում կարող եմ հաստատել, որ Գերմանիայի համար Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները գերկարևոր նշանակության հարաբերություններ են»,-ասաց նա։
Արդյոք այդ ամենը դուրս է Ադրբեջանի հետ ԵՄ-ի «գազային գործարքներից».« Ադրբեջանի գազային գործարքներն այսօր սողցող բնույթ ունեն՝ Իտալիայից դեպի Սերբիա տեսանելի է այդ ադրբեջանական գազի տրանսֆերը։ Ադրբեջանն ունի խնդիր՝ որտեղ վաճառել իր գազը։ Իսրայեն այլևս ունի իր սեփական գազի պաշարները, նույնիսկ ինքն է դառնում Եվրոպայի համար գազ մատակարարող պետություն՝ Կիպրոսի ու Հունաստանի ուղղությունով, Եգիպտոսի հետ միասին։ Սա սուր հակասություն ստեղծեց Թուրքիայի, Հունաստանի ու Եգիպտոսի միջև։ Ադրբեջանի համար իսկապես ավելի ու ավելի նվազում են եվրոպական հնարավորությունները շուկա ձեռք բերելու առումով։ Քաղաքական առումով Ադրբեջանը բացասական կերպար է, ավտորիտար ռեժիմի ձեռքում գտնվող պետություն է։ Եվրոպական միությունը ստիպված է Ադրբեջանին «տանել»՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ հակամարտության առաջնայնությունը»։
Ըստ մեր զրուցակցի՝ Պուտինի անկումից հետո, հաջորդն, ով պաշտոնից կթռնի, անշուշտ Իլհամ Ալիևն է.«Եվրամիությունը 5 րոպե չի համբերի այլևս այդ ռեժիմի գոյությունը։ Նույնը տեսնում ենք այսօր Թուրքիայում։ Այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ՝ երկրաշարժը, ևս մեկ գործոն է, որը կարող է էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Պետք չէ մոռանալ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխանության եկավ 1999 թվականի երկրաշարժի ժամանակ տեղի ունեցած զոհերի ու վատ կազմակերպված շինարարական աշխատանքների ալիքի վրա։ Հիմա կարծես կյանքի բումերանգի օրենքն աշխատեց, այսօր ինքն է քննադատության կենտրոնում վատ որակի շինարարության համար, որը բերեց բազմաթիվ մարդկային զոհերի։ Տեսնում ենք, որ նորակառույց շենքերը ժամերի ընթացքում դարձան նույնիսկ ոչ թե փլատակներ, այլ պարզապես բեկորներ, և՛ իհարկե փրկարարական աշխատանքների վատ կազմակերպումն է տեսանելի։Քննադատությունն աճելու է, և՛ Թուրքիայի և՛ Ադրբեջանի համար վատ ժամանակներ են մոտենում»,-եզրափակեց նա։