
Եվրամիության դիտորդական առաքելությունը չի երաշխավորի որևէ ստատուս-քվո, Երևանում հայտարարել է Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ բանակցած Խորվաթիայի արտգործնախարարը, անդրադառնալով ԵՄ առաքելությանը: Նա իհարկե շատ կարևոր է գնահատել այդ առաքելությունը, դիտարկելով այն ռեգիոնալ իրավիճակի կայունության ապահովման օգտակար մեխանիզմ, սակայն նշել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությամբ և ԵՄ դիտորդական մեխանիզմը չի երաշխավորի որևէ ստատուս-քվո: ԵՄ անդամ Խորվաթիայի արտգործնախարարը գործնականում ասում է այն, ինչ առկա է իրական քաղաքական գետնի վրա և ինչի մասին ինքս խոսում եմ դիտորդական առաքելության վերաբերյալ որոշումից ի վեր: Այն, որ դա կարևոր, օգտակար, որոշակի նոր հնարավորություններ և ճկունություն բերող որոշում է, անկասկած է, բայց այդ որոշումն ու մեխանիզմը ընկալել իբրև անվտանգության երաշխիք, կլինի մոլորություն, և նույնիսկ խիստ վտանգավոր մոլորություն: Թե ինչու՝ պատճառները շատ են, սակայն դրանք դիտարկելուց զատ, պետք է անել միարժեք հետևություն ու եզրակացությունը՝ Հայաստանի սահմանային անվտանգության, Ադրբեջանի ռազմական սադրանքների բացառման համար չի կարող ապավինել լոկ ԵՄ դիտորդներին և այստեղ կա երկու առանցքային հարց:
Նախ, Հայաստանը կարող է ապավինել բացառապես իր կարողություններին, հետևաբար գերխնդիր է դրանք ամեն հաջորդ օր բարձրացնելը, ինչի հարցում իհարկե միարժեք հասկանալի է ժամանակի գործոնի անհրաժեշտություն, և երկրորդ՝ Հայաստանը պետք է ռեգիոնալ կայունության ապահովման հարցում իր արտաքին աշխատանքի առանցքային ուղղություն դիտարկի ռեգիոնալ անմիջական խաղացողների հետ աշխատանքը: Այն խաղացողների, որոնք այստեղ անմիջական կենսագործունեության դաշտ ունեցող դերակատարներ են: Այսօր գերազանցապես այդտեղ է կայունության ուղղությամբ գլխավոր անելիքը, բոլորովին չհրաժարվելով իհարկե այլ խաղացողների, այդ թվում ԵՄ հետ աշխատանքից, ԵՄ առանձին երկրների հետ աշխատանքից:
Խորվաթիայի արտգործնախարարը Հայաստանում խոսելով այն մասին, որ ԵՄ դիտորդները չեն կարող երաշխավորել որևէ ստատուս-քվո, պարզապես կամա, թե ակամա հորդորում է ԵՄ հետ աշխատանքը կառուցել և պահել ռացիոնալ ընկալումների և սպասումների դաշտում, ինչը բխում է առաջին հերթին Հայաստանի անվտանգության, ու Հայաստան-ԵՄ բազմակողմ ու երկկողմ ձևաչափերով աշխատանքի շահերից: Որովհետև չափազանցված սպասումները բախվելով սահմանափակ հնարավորություններով և բարդ շերտերով իրականությանը, բերելու են հակառակ զգայական ռեակցիաների, ինչից տուժելու է Եվրամիության հետ, ԵՄ առանձին անդամների հետ Հայաստանի հարաբերության հեռանկարը: Այդ մասին է զգուշացնում Խորվաթիայի արտգործնախարարը, և այդ մասին է, որ Հայաստանում պարբերաբար զգուշացնում են իրավիճակը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև «երկրպագուական» մենամարտերից և հավատարմության երդումներից դուրս դիտարկող, և խնդիրների գործնական լուծումը Հայաստանի ներսից դուրս բանաձևող շրջանակները: