
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի իր գործընկերոջ հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ չնայած Հայաստանի ջանքին, իրավիճակը տարածաշրջանում մնում է շատ փուխր և լարված, զգացվում է նոր թեժացման հավանականություն: Միրզոյանի այդ հայտարարությունը հնչում է նրա Բեռլին կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի: Նշանակու՞մ է դա արդյոք, որ բեռլինյան այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը չի ստացել ռեգիոնալ կայունության ապահովման համար անհրաժեշտ օժանդակության ազդակներ կամ պատրաստակամություն: Համենայն դեպս այն, որ Բեռլին այցից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարն արտահայտում է նոր թեժացման հավանականության զգացում, իսկապես մտահոգիչ է: Չի բացառվում, որ նաև այդ «հավանականության զգացումով» է Երևան և Բաքու զանգահարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը երկու օր առաջ խոսել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Իսկ դրանից հետո էլ Հայաստանի վարչապետը թերևս օգտագործելով ողբերգական երկրաշարժի առիթը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի նախագահի հետ:
Այն, որ ռեգիոնում իրավիճակը փխրուն է, ակնառու է իհարկե անզեն աչքով էլ, սակայն այլ է, երբ արտաքին գործերի նախարարի մակարդակով բարձրաձայնվում է թեժացման հավանականության «զգացումի» մասին: Հատկապես, որ դրանից առաջ Բաքուն հայտարարել էր, թե Հայաստանը «արհեստական խոչընդոտ է ստեղծում» խաղաղության գործընթացի համար: Դրանից առաջ Արարատ Միրզոյանը Բեռլինում հայտարարել էր, որ Երևանը ստացել է Բաքվի նոր առաջարկներ և քննարկում է դրանք: Երևանում էլ նախարար Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել մի շարք դիրքորոշումներ, սակայն կան նաև Երևանի համար կարևոր հասցեականության հարցեր, որոնց վերաբերյալ չկա համաձայնություն:
Ադրբեջանը փորձում է «ապակառուցողականության» համար պատասխանատվությունը թողնել Հայաստանի վրա, թեև գործնականում բոլորի համար պարզ է, որ Բաքուն ձգտում է օգտագործել իր ռազմա-քաղաքական առավելությունը և Հայաստանին թելադրել պայմաններ, ու քանի դեռ տեսնում է այդ առավելությունն օգտագործելու հնարավորություն, քանի դեռ տեսնում է ուժերի մեծ տարբերությունը և միջազգային դերակատարների գործնականում անտարբերությունը, ձգտելու է խուսափել որևէ կարգավորումից և առաջ քաշել պայմաններ, որոնք Հայաստանի համար կլինեն անընդունելի: Այստեղ է, որ չափազանց կարևոր է դառնում միջազգային խաղացողների դերը, որովհետև Բաքվին կառուցողականության դաշտ բերելու ուղղությամբ գործնական քայլերի բացակայությունը կարող է Ադրբեջանում ընկալվել իբրև «սադրանքի լեգիտիմության» նշան, հատկապես հաշվի առնելով այն դիրքորոշումը, որ կա Ռուսաստանի և Իրանի հանդեպ: