
Լեհաստանը հակաօդային պաշտպանության Պատրիոտ համակարգեր է տեղակայել Վարշավայի մերձակայքում: Լեհաստանի ռազմական ղեկավարության խոսքով, դա երկրի պաշտպանունակության կարևոր բաղադրիչ է: Օրեր առաջ հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Մոսկվայի շենքերի տանիքներում տեղակայման մասին հայտնի դարձավ ռուսական տելեգրամյան ալիքներով, ինչը հետո փաստացի հաստատվեց պաշտոնապես: Մեկ-երկու օր առռաջ եղավ տեղեկություն Կալուգային մերձ անտառային հատվածում անօդաչուի պայթյունի մասին: Որտեղից էր այն, մանրամասներ հայտնի չեն:
Սակայն ակնառու է, որ Ուկրաինա ներխուժման առաջին տարելիցին ընդառաջ, որ կլինի փետրվարի 24-ին, իրավիճակը ուկրաինական ճակատում դրսևորում է լարվածության նոր աստիճանի բարձրանալու միտումներ:
Արևմուտքը ծանր զրահատեխնիկա է մատակարարում Կիև, միաժամանակ նաև կա խոսակցություն հեռահար հրթիռների մասին, որոնք կարող են անցնել մոտ 150 կմ տարածություն: Սրան զուգահեռ, կան սպասումներ, որ Ռուսաստանն էլ ավելացնելու է ճնշումը, ինչի մասին հայտարարում է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, այդ ամենը կարող է զարգանալ երկու ուղղությամբ՝ կամ թեժացում ընդհուպ Արևմուտք-Ռուսաստան կամ ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ բախում, ինչը արդեն իրավիճակը կբերի միջուկային պատերազմից 5 րոպե պակաս ժամանակի, կամ թեժացում, որը իր ծանրությամբ «կստեղծի» հրադադարի և իրավիճակի սառեցման «տեղեկատվա-քարոզչական» հող, առանց որի իհարկե որևէ կողմ չի գնա այդպիսի քաղաքական համաձայնության և որոշման: Ավելորդ է խոսել այն մասին, թե որ զարգացումն է նախընտրելի օրինակ Հայաստանի համար:
Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որր մեկ այլ հանգամանք և բարձր ռիսկ, Հայաստանին անմիջականորեն ավելի «մոտ»:
Խոսքն այն մասին է, որ առավել թեժացումից և անմիջապես ՌԴ-ՆԱՏՕ կործանարար բախումից խուսափելու, միաժամանակ նաև իրավիճակի սառեցում, հետևաբար Ռուսաստանին շունչ քաշել թույլ չտալու համար կարող է դրվել Ռուսաստանի «շրջանագծով» որևէ այլ ուղղությամբ իրավիճակ թեժացնելու խնդիր: Իսկ այստեղ Կովկասը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է գտնվել առանցքային թիրախային գոտի, որտեղ կայծը բավարար է պայթյունի համար: Ընդ որում, երկրաշարժը, որ տեղի ունեցավ Թուրքիայում և ավերածությունների ու հազարավոր զոհերի հանգեցրեց թե այդ երկրում, թե Սիրիայում, կարող է իրավիճակը ռեգիոնալ առումով դարձնել առավել թույլ կառավարելի: Հատկապես, որ վերջին օրերին տեղի ունեցավ ևս մի իրադարձություն, որ առաջին հայացքից դարձյալ խիստ հեռու է Հայաստանից ու այս ռեգիոնից, սակայն գործնականում ունի էական նշանակություն: Փետրվարի 5-6-ին տեղի էր ունենալու ԱՄՆ պետքարտուղարի այցը Պեկին, ամերիկա-չինական այն երկխոսության շրջանակում, որ սկսեց դեռևս նախորդ տարի նոյեմբերին Բալիում Բայդեն-Ցզինպին հանդիպումով: Սակայն, այցի նախաշեմին հայտնի դարձավ, որ ԱՄն երկնքում արձանագրվել է չինական հետախուզական աերոստատ, որի հետևանքով Բլինքենը չեղարկեց այցը, իսկ հետո ԱՄՆ կայացրեց աերոստատը խոցելու որոշում, ինչից հետո էլ Պեկինը հայտարարեց, որ դա էապես վնաս է հասցրել Բալիում մեկնարկած երկխոսության գործընթացին: Կովկասը վաղուց արդեն լոկ արևմտա-ռուսական դիմակայության գոտի չէ, Կովկասում տևական ժամանակ այլևս ծավալվում է ամերիկա-չինական դիմակայություն, թեկուզ հիբրիդային, անուղղակի տրամաբանությամբ, սակայն շոշափելի ազդեցությամբ: