
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ՀՖՖ-ից ստանալու է 600 հազար աշախտավարձ։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների Պետրակովն Ուկրաինայի ազգային թիմում տարեկան վաստակել է 200 հազար եվրո։ Փաստորեն, 65-ամյա մասնագետը մեր երկրում կստանա երեք անգամ ավել աշխատավարձ, քան հայրենիքում։ Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։ Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։ Հունվարի 12-ին Պետրակովն ավարտել էր աշխատանքն Ուկրաինայի ազգային հավաքականում։ Պետրակովն Ուկրաինայի հավաքականը գլխավորում էր 2021-ի նոյեմբերից։Նա փոխարինել էր լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին։ Պետրակովի գլխավորությամբ Ուկրաինան 15 խաղ է անցկացրել․ տարել 6 հաղթանակ, 7 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 2 պարտություն։
Ինչևէ, Տարբեր աղբյուրներից «Առաջին լրատվական»-ին հայտնի էր դարձել, որ Հայասանի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ-ից ստանում էր ևս տարեկան 600 հազար եվրո աշխատավարձ։ Ստացվում է, որ հայկական ֆուտբոլայի գերատեսչությունը ազգային հավաքականի գլխավոր մարզչի համար սահմանել է ֆիքսված աշխատավարձ։ Արդյո՞ք նորմալ է 600 հազար եվրո աշխատավարձը երկրի թիվ մեկ հավաքականի մարզչի համար։ Մեր տեղեկություններով Հայաստանի հավաքականը գլխավորած տեղացի մասնագետները ստանում էին մոտ 10 անգամ ավելի քիչ։ Օրինակ Արմեն Գյուլբուդաղյանցը, որի գլխավորությամբ մեր հավաքականը 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հայտ էր ներկայացրել, տարեկան վաստակում էր ընդամենը 60 հազար եվրո։ Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերին Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ անհաջող ելույթներից հետո մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց։ Հրաժարական տվեց, քանզի ենթախմբի արգելքը հաղթահարելու հնարավորություն այլևս չկար։ Գյուլբուդաղյանցին փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը, որի գլխավորությամբ մեր հավաքականը անցկացրեց երկու հանդիպում։ Իտալիայից կրած պարտությունից հետո ՀՖՖ-ն Խաշմանյանին ազատեց աշխատանքից։ Մեր երկրում չեն եղել և չկան այնպիսի «կալիբրի» մասնագետներ, որոնք կարող են պահանջել տարեկան կես միլիոն եվրոյից ավել աշխատավարձ։
Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում չկան լավ մասագետներ։ Հայաստանի ազգային թիմը իր պատմության լավագույն արդյունքը ցույց է տվել Վարդան Մինասյանի գլխավորությամբ։ Թերևս մեկ դիտարկում․ ազգային թիմի թիմը պետք է գլխավորի այնպիսի մասնագետ, որը միջազգային ասպարեզում ցույց է տվել արդյունք։ Պետրակովն Ուկրաինայի երիտասարդական հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Մենք չունենք Հայաստանցի գեթ մեկ մասնագետ, որը լուրջ հաջողության է հասել միջազգային ասպարեզում։ Այո հավաքականի ղեկին կարող էր լինել էլ ավելի բարձր կարգի մարզիչ։ Կարծում ենք սակայն պարզ է, որ ՀՖՖ-ն այսօր հնարավորություն չունի այսպես ասած 3 միլիոնանոց բարձրակարգ մարզիչ նշանակելու։ 600 հազար եվրոն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի համար միանգամայն օպտիմալ, նույնիսկ որոշակրորեն ցածր աշխատավարձ կարելի է համարել։
Հայաստանի հավաքականը չունի բավարար ռեսուրս առաջխաղացման համար և 600 հազար եվրոյով լավ մարզիչ գտնելը կարծում ենք այնքան էլ հեշտ չէ։ Վստահ ենք, որ շատ մասնագետներ ծանոթանալով վիճակագրական տվյալներին ուղղակի մերժել են ՀՖՖ-ի առաջարկը։ Այո ըստ ուկրաինական մամուլի Պետրակովը հայրենիքում երեք անգամ ավելի քիչ է վաստակել, բայց․․․։ Թե ֆինանսական և թե որակի առումով ՀՖՖ-ի կողմից Պետրակովի նշանակումը կարելի է օպտիմալ և դրական գնահատել։