
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության նախագահ, քաղաքագետ Բարդուղ Գալստյանը:
-Պարոն Գալստյան, այսօր հայտնել եք ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից հրաժարվելու մասին։ Ի՞նչ հսկայական աննպատակ վատնումների մասին եք ակնարկում։
-Այն հսկայական գումարները, որ եկել էին Արցախ պատերազմից հետո, ուղղվել են ոչ թե կարևորագույն անվտանգային խնդիրները նվազեցնելու, այլ անիմաստ բնակարանաշինական աշխատանքներ են իրականացվել, որոնք այսօր կիսատ են մնացել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով, և պարզ էլ չէ, թե երբ շինարարական աշխատանքները կշարունակվեն։ Եթե ճանապարհը շարունակվի փակ մնալ, կամ բացվելուց հետո էլի ժամանակ առ ժամանակ փակվի, դժվար թե հնարավոր լինի կառուցել այդ շենքերը և ավարտին հասցնել։ Չունենալով էլեկտրահաղորդման այլընտրանքային ճանապարհ՝ դժվար թե կարողանանք անվտանգություն ապահովել, մինչդեռ դրա համար կային բոլոր հնարավորությունները։ Հնարավոր էր ստորգետնյա կաբելային տարբերակով գիծ բերել, թունել սարքել, այլընտրանքային ճանապարհներ կառուցել, բանակի վրա ներդրումներ անել, որոնք չեն արվում, ինչը դա շատ կասկածելի է։ Ժողովրդի մոտ շրջանառվում են լուրեր, որ հսկայական գումարներով տարբեր պաշտոնյաների են պարգևատրել, օրինակ՝ նշվում է, որ երկու միլիոն դոլար Վիտալի Բալասանյանին են տվել։ Համենայն դեպս, ժողովրդի մոտ այս խոսակցությունը տարածված է։
-Այլընտրանքային ճանապարհ կառուցելու ուղղությամբ հիմա՞ էլ որևէ աշխատանք չի իրականացվում։
-Ոչ մի խոսակցություն այս պահին չկա։ Համենյան դեպս, մինչև վերջերս, երբ դեռ աշխատանքի էի, նման խոսակցություն չկար։ Այս պահին ո՛չ Ադրբեջանը, ո՛չ խաղաղապահները թույլ չեն տա այլընտրանքային ճանապարհ կառուցել։ Ավելին՝ խիստ կասկածելի է՝ արդյոք միջանցքը Ադրբեջանի կողմի՞ց է փակվել, թե Ռուսաստանի, թե սա ռուս-ադրբեջանական պայմանավորվածության արդյունք է։ Եթե նույնիսկ Ռուսաստանի կողմից չի փակվել, արդյոք ՌԴ-ն չի կարողանո՞ւմ որոշ գործիքակազմ կիրառելով բացել այն։ Ցավոք չի անում, արդեն երկու ամիս է։
Վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական խժդժությունները, և վերջին տարիների կադրային քաղաքականությունը բերեց նրան, որ ես այսօր այս իշխանության հետ անելիքներ չունեմ։ Արցախում մի քանի գլխանի իշխանություն է վերջին շրջանում ձևավորվել, մի ճյուղը նախկին իշխանավորները՝ Սահակյանի և Ղուկասյանի գլխավորությամբ, հաջորդը՝ Վիտալի Բալասանյանն է իր թիմով, Ռուբեն Վարդանյանը իր թիմով և Արայիկ Հարությունյանն է իր թիմով։ Արայիկ Հարությունյանը և Ռուբեն Վարդանյանը բավականին ջերմ հարաբերություններ ունեին սկզբում, սակայն Ռուբեն Վարդանյանի հայտարարություններից հետո սրվեցին հարաբերությունները։
-Իսկ արցախցիներն ինչպե՞ս են վերաբերվում Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում պաշտոն զբաղեցնելը։ Արդյոք ունի՞ նա համակիրներ։
-Խիստ տարբեր են կարծիքները։ Նրանք, որոնք հակված են ռուսների հետ մնալու, դրական են վերաբերվում նրան, բայց միանշանակ չէ Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի կերպարի մասին պատկերացումները։ Մի մասը գտնում է, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից է եկել և կոռուպցիոն մեխանիզմներից զերծ կլինի, իսկ մի մասն էլ նշում է, որ այդքան հսկայական գումարներ տիրապետելով՝ որևէ բան այս տարիներին Վարդանյանը չի արել արցախցիների համար։ Կոնտինգենտ կա, ոչ փոքր խումբ, որը հակված է Ռուբեն Վարդանյանի քաղաքականությանը։
-Ինչո՞վ եք զբաղվելու աայս պահից սկսած։
–Զբաղվելու եմ քաղաքականությամբ որպես կուսակցության ղեկավար, քաղաքագետ, փորձելու եմ հնարավորինս բարձրաձայնել մեր երկրում տեղի ունեցող անարդարությունները, ինչպես նաև պատրաստվելու եմ ընտրություններին, որոնք եթե ֆորս-մաժորային իրավիճակներ տեղի չունենան, 25թվականին են տեղի ունենալու։
-Բացառո՞ւմ եք աարտահերթ գործընթացներն Արցախում։
-Չեմ բացառում, նայած քաղաքական դասավորությունները ինչպիսի ընթացք կունենան։