
Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը իրարանցում է առաջացրել Հայաստանի հանրության շրջանում: Ցավոք սրտի, այդ իրարանցումը վերաբերում է ոչ թե արտակարգ իրավիճակների կառավարման հարցերին, որոնք միշտ են հրատապ Հայաստանի համար, և ոչ թե Սիրիայի ու Թուրքիայի երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին օգնելու, ընդհանրապես բարեկամ Սիրիայի ժողովրդին աջակցելու, հարկ եղած դեպքում նաև Թուրքիային օգնություն առաջարկելու հարցերին, որոնք հատկապես Թուրքիայի մասով իսկապես բավականին նուրբ և բարդ, բայց կարևոր նաև քաղաքական ու դիվանագիտական իմաստ պարունակող հարց է, այլ պարզունակ «վեճերին»:
Պարզունակ վեճ, որ ծավալվում է հետևյալ հարցի առիթով. պե՞տք է կարեկցել օրինակ Թուրքիային, թուրքերին, թե՞ նրանք «արժանի պատիժ են ստացել երկնքից»: Այս պարզունակ հանրային սոցցանցային վիճաբանության ֆոնին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառումով իր վշտակցությունն է հայտնել Սիրիայի և Թուրքիայի երկրաշարժի զոհերի հարազատներին, ապաքինում մաղթել վիրավորներին և հայտնել օգնելու՝ Հայաստանի պատրաստակամությունը: Հայաստանի վարչապետի գրառումը համարժեք է իրավիճակին և այն վարքագծին, որ այդ պայմաններում նվազագույնը պահանջվում է Հայաստանից, և ոչ միայն որպես պետություն առհասարակ, այլ նաև պետություն, որը գործնականում գտնվում է մեծ մերձավորարևելյան անվտանգության միջավայրում, կա հայկական համայնքային նշանակալի ներկայություն թե Թուրքիայում, թե Սիրիայում, և կա իհարկե նաև մերձավորարևելյան ռեգիոնում հայկական քաղաքակրթական ներկայության հարցը: Այդ պայմաններում, Հայաստանից պահանջվում է ոչ թե զգայականություն, այլ արժեհամակարգային և դիվանագիտական-քաղաքական , պետական հասունություն:
Ընդ որում, այստեղ թերևս շատ կարևոր է ընդգծել մի հանգամանք: Աւդ հասունության գնահատման հիմքում անշուշտ «քաղաքական աառևտրի» բանաձևը չէ, որ պետք է լինի՝ այսինքն, ցավակցենք, կարեկցենք, դրա դիմաց ակնկալելով դիվանագիտական կամ քաղաքական միավորներ: Ամենևին, այդօրինակ պետական հասունության դրսևորումը պարզ առևտրային բանաձևով չէ, որ պետք է չափվի, կամ դրանով չէ, որ պետք է գնահատվի այդ վարքագծի հիմքը: Այստեղ կա երկու ասպեկտ՝ ներքին արժեհամակարգային և մշակութային անկյունաքարեր, որոնք հենց կազմում են քաղաքականապես համարժեք և էֆեկտիվ ցանկացած հասարակության պետական ներուժի հիմքերից մեկը, և դրա բերումով նաև միջազգային ընկալում, որը չափելի չէ լոկ տվյալ պահին «բերած դիվիդենտով»: Սրանք քաղաքական գիտակցության ու մշակույթի կարևոր հարցեր են, որոնք սակայն Հայաստանում տարիներ շարունակ ոչ միայն եղել են անուշադրության մատնված, այլ հակառակը՝ այդ հարցերի շուրջ հասարակական դիսկուրսի և հետևաբար հանրային-պետական մշակույթի ձևավորումը բախվել է ցածրամշակույթ, բնազդային քաղաքականության մարտահրավերներին, որոնց մոտիվը եղել է Հայաստանի իշխանության յուրացումն ու Հայաստանի պետական սուբյեկտության հեռանկարի առավելագույն մշուշապատումը: