
Մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, և բնակչությանը մատակարարվի պարենային և մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը RTVI-ի հետ հարցազրույցում։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ ճգնաժամի իրական վտանգ կա. Բացի այդ, իրենք ցանկանում և աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը։
«Կա եվրոպական միջնորդություն, որին մենք անվերապահորեն աջակցում ենք։ Ֆրանսիայի նախագահի շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները կարողացան զրուցել միմյանց հետ անցած հոկտեմբերին՝ Պրահայի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ որոշվեց ԵՄ առաքելություն ուղարկել Հայաստանի սահման՝ լարվածությունը նվազեցնելու և սահմանների պահպանումն ապահովելու նպատակով»,- ասել է Լեժանդրը։
Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր պետական մակարդակով։ «Ֆրանսիայի նախագահն անձամբ գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի մենք կարողանանք վերսկսել բանակցությունները, և որպեսզի այս իրավիճակը լուծվի և լարվածությունը նվազի»,- ասել է նա։