Էլինա Պապյանի մոտ տարիներ առաջ ախտորոշվել է «ցրված սկլերոզ» աուտոիմուն հիվանդությունը։ Այս հիվանդության հետևանքով բորբոքային օջախներ են առաջանում գլխուղեղում և ողնուղեղում, որոնք էլ առաջ են բերում մի շարք ախտանիշներ։ Ախտորոշումն իմանալը շոկային է եղել Էլինայի համար։ «Կյանքը՝ երկրորդ փորձից» հաղորդման շրջանակներում անկեղծանում է՝ կորցրել էր հավատն անգամ Աստծո նկատմամբ, սակայն հետագայում հասկացել է, որ վատ մտքերով միայն վնասում է իրեն։
Էլինան այժմ քայլելու դժվարություն ունի։ Չնայած իր հիվանդության հետևանքով առաջացած բարդություններին՝ շարունակում է աշխատել ու ապրել ակտիվ կյանքով։ Էլինան իր ընկերներին խնդրել է չհիշեցնել իր հիվանդության մասին, վերաբերվել որպես առողջ մարդու։ Երիտասարդ կինը նշում է, որ ընդունում է իր հիվանդությունը, հասկանում է, որ դրանից ոչ մի տեղ չի փախչի և փորձում է իր կյանքի որակը հնարավորինս բարձրացնել։ Ասում է՝ պատրաստ է նույնիսկ այն սցենարին, որ տարիներ հետո կարող է հայտնվել հաշմանդամության սայլակին։