
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։
-Մոսկվան անցած երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հայտարարում, թե ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է դիտորդներ տեղակայել Հայաստանում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով՝ ա Երևանի ցանկության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը կարող է գործուղվել` «մեկ կամ երկու օրվա ընթացքում»: Ինչու՞ է Մոսկվան շարունակ պնդում այս հարցը, ինչքանո՞վ է դա կարևոր իր համար։
–Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն «մեկ կամ երկու օրվա ընթացքում» ուղարկելու մասին ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը ես գնահատում եմ «մոտակա օրերին Լաչինի միջանցքը բացվելու» մասին նրա երկու շաբաթ առաջ արած հավաստիացման այդպես էլ չիրականացված լինելու համատեքստում։ Գործնականում նա չի կարող հանդես գալ ՀԱՊԿ անունից, ուստի դա ընդամենը քարոզչություն է։ Թերևս՝ ենթադրաբար հնարավոր ինչ-ինչ լարվածության համար պատասխանատվությունը Հայաստանին վերագրելու ենթատեքստային ազդակ։
– Վերջին օրերին Մոսկվայից նաև մի քանի հայտարարություններ եղան արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին։ Ըստ Ձեզ, Հայաստանը կարո՞ղ է շարունակ մերժել Ռուսաստանին։
-Արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը դրական եմ գնահատում։ Ռուսաստանը հայ-ադրբեջանական և ԼՂ հիմնախնդրի պատմական կողմ է։ Դա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն է փաստել։ Ուստի Մոսկվայի ներգրավվածությունը կարևոր է։
-Ակտիվորեն քննարկվում է նաև Լավրովի հայտարարությունը Արցախի 7 շրջանների հետ կապված։ Իհարկե նրա ասածը նորություն չէ և առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է արվում, բայց ո՞րն էր այդ մասին հիմա խոսելու մոտիվն ըստ Ձեզ։ Արդյոք իր հայտարարությունից չի հետևում, որ մեր դաշնակիցն արդարացնում է Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը։
–Իմ տպավորությամբ, Ռուսաստանի արտգործնախարարը ԼՂ կարգավորման անցած փուլին անդրադառնում է այն ենթատեքստով, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներ չպետք է ունենա։
Մեր դաշնակիցը 1997թ․ «Բարեկամության և համագործակցության մասին» բազային պայմանագրով նաև Ադրբեջանի դաշնակիցն է։ 2001թ․-ին Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են Հռչակագիր։ Պետք է այդ իրավա-քաղաքական տեքստերը կարդային։ Վանո Սիրադեղյանը ժամանակին զգուշացնում էր, որ «Բաքվի հռչակագիրը» կովկասյան ռուս-ադրբեջանական ստատուս-քվո է սահմանում։ Իսկ «տորթի վիշենկան»՝ ինչպես ռուսներն են ասում, Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ժամեր առաջ Պուտին-Ալիև՝ ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթն էր։