
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը դադարեցնում է ելույթները մեր ազգային թիմում: «Միշտ հպարտությամբ եմ կրել ազգային հավաքականի շապիկը և ավագի թևկապը, սակայն այժմ ստիպված եմ ժամանակավոր դադարեցնել իմ ելույթները Հայաստանի Կանանց ազգային հավաքականի կազմում: Մասնավորապես, պետք է նշեմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքից։ Այն, ինչ մենք ցանկանում էինք, մինիմալ հարգանքն էր մեր հանդեպ և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարդ։ Բոլոր իմ խաղընկերներին,ովքեր շարունակելու են իրենց ելույթները Ազգային հավաքականում,մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ»,- հայտարարել է Օսիպյանը։ ՀՖՖ Գործկոմի նախկին անդամ, Հայաստանում կանանց ֆուտբոլի համակարգող Աննա Թադևոսյանն անդրադառնալով Օլգա Օսիպյանի որոշմանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկական պրոֆեսիոնալ, գերազանց մարզիկ և հրաշալի մարդ: Նա փայլում է իր ակումբում, և առջևում նրան սպասվում է լուսավոր ապագա՝ բազմաթիվ ձեռքբերումներով ու հաղթանակներով:
Նա բավականաչափ համարձակ է, որպեսզի պաշտպանի իր իրավունքներն ու բարձրացնի կարևոր հարցեր: Միշտ նայիր առաջ»։ Օլյա Օսպյանի ազգային թիմից հեռանալու փաստն այնքն ցավալի չէր լինի, եթե չլիներ Հայաստանի գլխավոր թիմի ավագի հեռանալու նախադեպը։ Մեկ տարի առաջ Հայաստանի ազգային հավաքականից հեռացավ հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը։ Ի տարբերություն Օսիպյանի, Մխիթարյանը հեռացավ լուռ, չխոսելով նեգատիվ երևույթների մասին։ Մխիթարյանի հեռալանուց հետո սակայն ֆուտբոլային ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչներ շտապեցին պնդել, որ ազգային թիմի առաջատարը հեռացել է ֆուտբոլի ֆեդերացիայի ոչ այնքան լավ վերաբերմունքի պատճառով։ «Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանի կողքին չկանգնեցին այն ժամանակ, երբ հավաքականի պարտությունների մեղադարանքները միայն նրա հասցեին էին հնչում: Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին միայն Հենոյին մեղադրում, երբ մեր թիմը պարտվում էր 0:5 հաշվով: Տպավորություն էր, թե պաշտպանը միայն Հենոն էր: Ցավալի է, որ պարտություններից հետո ոչ ֆեդերացիան, ոչ տնօրինությունը չէին կանգնում Հենոյի թիկունքին, չէին ասում՝ մենք բոլորս ենք պարտվել, ինչո՞ւ եք մեղադրում միայն Մխիթարյանին:
Այս ամենն իր ազդեցությունը թողել է, այդ պատճառով էլ Հենրիխ Մխիթարյան հեռանում է: Եթե ամեն ինչ նորմալ լիներ, Հենոն հավաքականում իրեն զգար, ինչպես տանը, այպիսի որոշում, իմ կարծիքով, չէր լինի: Ամեն ինչ նրանից է եկել, որ ինքն իրեն «կոմֆորտ» չէր զգում մեր հավաքականում: Ոչ թե տղաների վերաբերմունքից, այլ կողքի. անընդհատ մեղադրանքներ, իսկ թիկունքին ոչ ոք չէր կանգնում, չէր բարձրաձայնում, որ 0:5 պարտությունը Հենոյի մեղավորությունը չի»,- նշել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը: Օլյա Օսիպյանի հայտարարությունից հետո էլ ավելի իրական են թվում պնդումները, որը լավագույնների հեռանալու պատճառը ֆուտբոլի ֆեդերացիան է։
Ֆուտբոլի պատմության մեջ դժվար է գտնել նախադեպ, երբ պետության երկու ազգային թիմերի ավագները մեկ տարվա ընթացքում հեռանան։ Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է քան պատմական խայտառակություն։ Խայտառակություն, որի մեղավորները պետք է պատասխան տան երկրպագուներին։ Առանց այն էլ ֆուտբոլ չունենք, բայց այս իրավիճակում մեզ շռայություն ենք թույլ տալիս զրկվել ազգային թիմերի ավագներից։