
Հայաստանում հանրության մի ստվար մաս համոզված է, որ Երևանը փոխում է աշխարհաքաղաքական վեկտոր: Մի մասը սուր քննադատում է այդ քայլի համար, ասելով, թե դա կբերի լրջագույն սպպառնալիքների, կապված թե Ռուսաստանի, թե նաև Իրանի ընկալումների հետ, մեկ այլ մաս համոզված է, որ վեկտորի փոփոխությունն է Հայաստանի փրկությունը: Գործնականում սակայն, պատկերը մեծ հավանականությամբ այլ է և Հայաստանը պարզապես փորձում է մանևրել կամ նավարկել համաշխարհային պատերազմի փոթորկալից պայմաններում և առավելագույնս կառավարելի դարձնել այդ պատերազմի իրողություններից բխող ռիսկերը: Ընդ որում, խոսքը մի պատերազմի մասին է, որը մի կողմից լինելով հիբրիդային, մյուս կողմից գործնականում նաև հենց բառի բուն իմաստով պատերազմ է:
Անկասկած է, որ Կովկասն իր կենսական շահերի գոտի դիտարկող Ռուսաստանը ներկայումս զգալիորեն թուլացած է և ուկրաինական պատերազմի լայնամասշտաբ խնդիրների համատեքստում չունի Կովկասով լրջորեն զբաղվելու հնարավորություն: Իսկ դա առաջացնում է մեկ այլ ռիսկ՝ Կովկասում Թուրքիայի դիրքերի ուժգնացում, որը Ռուսաստանի համար հետագայում լինելու է նոր մարտահրավեր դեպի Հյուսիսային Կովկաս և դեպի կենտրոնասիական ռեգիոն: Թուրքիայի հետ աշխատող Ռուսաստանը, որն ունի Անկարայի ռազմավարական աջակցության կարիքը, գործնականում չի կորցրել իրականության զգացումն ու պատկերացնում է Անկարայի մեծապետական հավակնությունները:
Այդ պարագայում, Կովկասում իրավիճակի կառավարման միջոց կարող է դիտվել Հայաստանի բազմավեկտորությունը, երբ Երևանը կփորձի Ռուսաստանի թուլացմամբ առաջացող անվտանգային բացերը լրացնել արևմտյան ներկայությամբ, քանի որ հակառակ պարագայում այն լցվելու է Թուրքիայի ուժով՝ կոշտ, թե փափուկ: Այս խնդիրները թերևս ներկայանալի չեն հրապարակային, քաղաքականության մակերևույթի մասում, սրանք թերևս էքզիստենցիալ ընկալման դաշտի հարցեր են, որոնք իհարկե կարող են լինել բավականին սուբյեկտիվ և հարաբերական, սակայն ունեն գոյության իրավունք: Ի վերջո, ակնառու թուլացող Ռուսաստանի պարագայում Հայաստանին մնում է ապավինել երկու ուժի՝ Իրան և Թուրքիա: Իսկ այստեղ կան շատ հասկանալի առնվազն հարաբերական գործոններ երկուսի դեպքում էլ, իհարկե էապես տարբեր: Իրանի պարագայում կա շահերի հսկայական ընդհանրություն, բայց դա ամենևին չի նշանակում, թե Իրանը պատրաստ է լիարժեք լրացնել Ռուսաստանի թուլությունից բխող բացերը: Այդ պայմաններում, Հայաստանի համար եվրաատլանտյան ուժեղ բևեռի հետ աշխատանքը դառնում է կենսական կարևորության, ինչի որոշակի շահառություն առկա է նաև Ռուսաստանի քաղաքական ռազմավարության համատեքստում: Մոսկվայի համար իհարկե դա «բարակ լարի» իրավիճակ է, սակայն անկախ դրանից Ռուսաստանն այսօր Ուկրաինայում քայլում է էլ ավելի բարակ լարի վրայով, քան այն, ինչ կարող է լինել Կովկասում: