
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Իրանի գործողությունների և հայտարարությունների շնորհիվ 2022թ. սեպտեմբերին հաջողվեց խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:
«Մենք հետախուզական տվյալներ ունեինք, որ Ադրբեջանն ավելի մեծ գրոհներ էր պատրաստում, երբ հարձակվեց Հայաստանի վրա նախորդ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը», – ասել է Վահան Կոստանյանը Al-Monitor պարբերականի հետ զրույցում, որը հոդված է հրապարակել տարածաշրջանային իրադրության հետ կապված։
Արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ իրանական զինամթերքի գնման հարց Հայաստանի օրակարգում չկա:
Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին, արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը.«Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրել եւ ստիպել Հայաստանին արտատարածքային միջանցք տրամադրել»:
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը համաձայն է ԱԳ փոխնախարարի այն դիտարկման հետ, որ Ադրբեջանի սեպտեմբերյան առաջխաղացումը հնարավոր եղավ կանխել Իրանի գործողությունների ու հայտարարությունների շնորհիվ.«Պարզապես մենք պետք է նաև նկատի ունենանք, որ յուրաքանչյուր երկիր՝ այդ թվում նաև Իրանը, իր սեփական շահերի համար է գործողություններ իրականացնում։ Եվ ահա միջանցքի առումով, մեր շահերը լիովին համըկնում են Իրանի շահերի հետ։ Իրանը դրա համար ամեն ինչ կանի, որ թույլ չտա այդ չարաբաստիկ միջանցքը բացել, իսկ սեպտեմբերյան պատերազմը հենց դրան էր տանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Բեգիջանյանի դիտարկմամբ՝ պետք է հարցին նայել հետևյալ տեսանկյունից. շահերի համընկնելու տեսանկյունից Հայաստանը բավարար քայլեր անու՞մ է։ Ըստ մեր զրուցակցի՝ ոչ այնքան.«Կա տարածված մի այսպիսի տեսակետ՝ բա որ արևմուտքի դուրը չգա, բո որ սա, նա… մենք պետք է հստակ արձանագրենք սակայն, որ այդ երկրի շահերը համընկնում են մեր երկրի շահերի հետ։Իրանն ուզում է, որ Հայաստանը լինի ուժեղ ու ինքնաբավ երկիր, դա մեր շահերից բխու՞մ է, իհարկե՝ այո։ Ով ինչ ուզում է, թող ասի, մենք մեր շահերը հենց տեղում պետք է փորձենք լուծել, քանի դեռ այդ հնարավորությունը կա։ Մենք այդ հնարավորությունից, սակայն, այնքան էլ չենք օգտվում։Դիտարկենք՝ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը։ Այդ երկրների շահերը համընկնում են, երկուսն էլ դեմ են Իրանին, ուստի շատ ակտիվ ու արդյունավետ համագործակցում են։ Սա օրինակելի համագործակցություն է՝ տարբեր կրոններ, բայց անչափ էֆեկտիվ համագործակցություն»։
Արդյոք Հայաստանը կարող է անընդհատ Իրանի վրա հույս դնել, Էմմա Բեգիջանյանն արձագանքեց.«Համագործակցությունը մի բան է, հույս դնելը՝ բոլորովին այլ։Չենք կարող ձեռքներս ծալած նստել ու ասել՝ Իրանը կանի։ Ո՛չ, մենք մեր շահերի համար բազմակողմանի աշխատանք պետք է տանենք, ոչ միայն Իրանում, այլ բոլոր այն տեղերում, որտեղ որ հնարավոր է։Այնտեղ, որտեղ որ մեր շահերը համըկնում են, պարզ է, որ մեր քայլերն ու գործողություննները պետք է ավելի կենտրոնացված լինեն։ Խոսքը դրա մասին է և ոչ այն մասին, որ հույսներս դնենք Իրանի վրա ու պարապ նստենք»։
Իրանագետի խոսքերով՝ այսօր Թեհրանի ազգային անվտանգության շահերից է բխում թույլ չտալ միջանցքի տրամադրում, մենք պետք է ընդառաջ քայլեր անել։
Հարցին, փաստորեն այս հարցում Իրանը մեզ ավելի մոտ դաշնակից է, քան Ռուսաստանը, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց.«Այո՛, բայց ես չեմ մեղադրում Ռուսաստանին։ Այդ երկիրը քայլեր է անում իր ազգային շահերի տեսանկյունից․ միայն մենք ենք, որ մեր շահերը չենք գիտակցում՝ այս կողմ, այն կողմ ենք անում։Եթե մենք ինքներս մեր շահերը չիրացնենք, ոչ ոք դա մեր փոխարեն չի անի»,-եզրափակեց նա։