
ՀՀ պաշտպանությունը ամենքիս սրբազան պարտքն է, պետք է ամեն օր քնելուց առաջ երդվենք, որ պատրաստ ենք մեր արյան գնով պահել մեր հայրենիքի ամեն միլիմետրը, ուսումնական զորամաս այցի ընթացքում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Պապիկյանը փաստացի չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է չափազանց բարդ պայմաններում, որտեղ մարտահրավերները ոչ միայն ուղիղ ռազմական են, այլ հիբրիդային, այդ թվում այնպիսին, որ կարող են պատկերանալ անգամ օգնության և մեծ հայրենանվիրության տեսքով: Մասնավորապես, տվյալ պարագայում խոսքը սոցցանցային այն իրողությունների մասին է, որոնք կանոնավոր պարբերականությամբ ավետում են սահմանի, դիրքերի պաշտպանության, բանակի տարաբնույթ աջակցության բազմազան նախաձեռնությունների մասին, հորդորելով քաղաքացիներին իրականացնել հանգանակություն՝ հայրենանվեր այդ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար: Այսպես, ամեն մեկը կարծես թե կատարում է հենց այն սրբազան պարտքը, ինչի մասին խոսում է պաշտպանության նախարարը:
Սակայն, այդ պարտքի կատարումը և դրա սոցցանցային դրսևորումը իր անկեղծությամբ հանդերձ, իր նախաձեռնողների անմնացորդ նվիրվածությամբ հանդերձ, թողնում է բավականին հակասական նստվածք՝ պետության չգոյության գիտակցական կամ ենթագիտակցական շերտ հանրության հավաքական տրամադրության և մտածողության շրջանակում: Մարդիկ, այդ թվում նաև նախաձեռնություններին փող հանգանակողները, համակվում են պետության գործի թերակատարման գիտակցումով, սկսում է կամա, թե ակամա գերակշռել համայնքային մտածողությունն ու համակեցության համայնքային, խմբային մշակույթը: Ես էլ չեմ խոսում այն մասին, որ դեռ մեծ հարց է այդ տարաբնույթ հանգանակությունների վերահսկումը, որն իհարկե պաշտպանության նախարարության խնդիրը չէ, այլ ավելի մեծ պետական խնդիր, որովհետև հայրենասիրական «բիզնեսը» կարող է առնչություն ունենալ տարրական շառլատանության հետ, երբ մարդիկ հայրենասիրական պաստառների ներքո պարզապես քաշում են հանրային միջոցներ:
Սակայն, սա դեռ մի կողմ: Սոցցանցային այդ նախաձեռնությունները ստեղծում են պետության չգոյության, պաշտպանական բնագավառում պետական քաղաքականության բացակայության, պետական գործողությունների անարդյունավետության մտայնություն և գիտակցում, այդ կերպ խափանելով պաշտպանական կուռ համակարգի կառուցման համար անհրաժեշտ կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ հանրային ինստիտուցիոնալ և պետական մտածողությունը, որը պետք է լինի համակարգային քաղաքականության հիմնասյուններից մեկը: Մինչդեռ, ժամանակակից աշխարհում կենսունակ են հենց պետական համակարգային, այլ ոչ համայնքային կամ խմբային մտածողության վրա հիմնված պաշտպանական համակարգերը: Սա եղել է, ու առավել ևս շարունակում է լինել Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը, և այլ բնույթի, բայց էական մարտահրավեր է նաև պաշտպանական համակարգի թիվ մեկ պատասխանատուի՝ պաշտպանության նախարարի համար, քանի որ դրա չհաղթահարվածությունը ուղղակի, թե անուղղակի «ամենօրյա» հարված է հենց նրա աշխատանքին: Իհարկե, պետական ամբողջ համակարգը՝ եթե այն կա, պարտավոր է պաշտպանության նախարարին և նախարարությունը չթողնել մարտահրավեր երևույթի դեմ մենակ, և մշակել լուծման գործնական մեխանիզմներ: Մեխանիզմ, որը թույլ կտա նախ ֆիլտրել երևույթը և համակարգ ներառել, համակարգայնացնել, ցանցայնացնել, ինստիտուցիոնալացնել իրապես արդյունավետ և ներուժ ունեցող, հեռանկար ունեցող նախաձեռնությունները, ու դուրս թողնել նրանք, որոնք առավելապես պահի տրամաբանություն ունեցող երևույթներ են: