
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ըստ ամենայնի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա «Կրասնոդարից»։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը գտնվում է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։ «Սպերցյանը մեր թիմի լավագույն ֆուտբոլիստներից է։ Վերջին ամիսների ընթացքում նա աչքի է ընկել փայլուն խաղով։ Սպերցյանը կմնա «Կրասնոդարում»։ Եթե եվրոպական թիմերից հստակ առաջարկ լինի, ապա անհրաժեշտ կլինի խոսել ակումբի ղեկավարության հետ։ Վերջնական որոշումը պետք է շահեկան լինի բոլորի համար։ Այս պահին կարող եմ ասել, որ Սպերցյանը մոտ ապագայում կխաղա «Կրասնոդարում»։ Սա ամենևին չի նշանակում, որ ես դեմ եմ այն պրակտիկային, որ ֆուտբոլիստները մեկնեն Եվրոպա։ Ես այն մարզիչը չեմ, որը պահում է ֆուտբոլիստներին»,- Sport24-ին տված հարցազրույցում ասել է «Կրասնոդարի» սերբ գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը։
Ավելի վաղ «Վիվառո Մեդիա» հեռուստաալիքի մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը տեղեկություն էր տարածել, որ Էդուարդ Սպերցյանը կարճաժամկետ պայմանագիր է կնքել CAA Steller ֆուտբոլային գործակալության հետ։ Մասնավորապես, հեղինակավոր գործակալությունը խոստացել էր առաջիկա ամիսների ընթացքում 22-ամյա ֆուտբոլիստի համար եվրոպական թոփ ակումբներից լավ առաջարկ պատրաստել։ CAA Steller-ն աշխատում է մի շարք աստղային ֆուտբոլիստների հետ, որոնց թվում են՝ Ջեք Գրիլիշը, Էդուարդո Կամավինգան, Լյուկ Շոուն, Սերժինյո Դեստը, Վոյցեխ Շենսնին, Կելվին Ֆիլիպսը, Յերեմի Պինոն, Բեն Չիլուելը, Պիեռ Կալուլուն, Իբրահիմա Կոնատեն, Նիկոլաս Տալյաֆիկոն, Կիրան Թիրնին, Ջորդան Պիկֆորդը, Սոֆիան Ամրաբատը, Ունայ Սիմոնը։ Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ինչու է ձգձգվում Սպերցյանի տեղափոխությունը Եվրոպա և ինչու է հայ ֆուտբոլիստը մտադիր մինչև մրցաշրջանի ավարտը մնալ «Կրասնոդարում»։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Սպերցյանը և Կրասնոդարի համանուն թիմի սեփականատեր Սերգեյ Գալիցկին եկել այն եզրակացության, որ և մի քանի ամիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղալը միայն դրական ազդեցություն կունենա։ Մասնավորապես, շարունակելով ցուցադրել արդյունավետ խաղ կավելանա Սպերցյանի տրանսֆերային արժեքը ինչն էլ ավելի կնեծացնի թոփ ակումբների ուշադրությունը ֆուտբոլիստի նկատմամբ։ Կարճ ասած, ժամանակ շահելով Սպերցյանը սպասում է ավելի լավ առաջարկի։ «Սպերցյանը պատրաստ է խաղալ ՊՍՎ-ում։ Այս ֆուտբոլիստն արդեն 1․5 տարի է ցուցադրում է բարձր մակարդակի ֆուտբոլ։ Նա կարող է զարգանալ հոլանդական լիգայում։
Դա կարող է լինել եվրոպական կարիերայի սկիզբը։ Տեսեք, թե ինչպես է այժմ այնտեղ խաղում Շիմանսկին, որը 15 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանը նրանից վատը չէ, գուցե ավելի երիտասարդ է ու պակաս փորձառու է։ Ես նրանց կդնեի նույն հարթության վրա։ Շիմանսկին Նիդեռլանդներում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Կարծում եմ, որ Էդուարդը կարող է խաղալ այնտեղ։ Եթե քեզ այդպիսի թիմ են կանչում, ուրեմն պետք է գնալ։ Սա հիանալիչ առաջնությունն է, որտեղ կարելի է պատրաստվել եվրոպական լիգաներին և սովորել լեզուն, հետո մի քայլ առաջ գնալ»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել էր Սպերցյանի գործակալ Ռոման Օրեշչուկը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու պայքարում առավել շատ ակտիվություն է ցուցաբերում հոլանդական ՊՍՎ-ն։ Շրջանառվող տեղեկութունների համաձայն Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական Ա սերիան ինչպես նաև գերմանական Բունդեսլիգան ներկայացնող մի շարք թիմեր։ Վերջին զարգացումները սակայն ստիպում են ենթադրել, որ մեր ֆուտբոլիստը «Կրասնոդարից» կհեռանա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։