
Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը նախապատրաստում էր ավելի լայնածավալ ագրեսիա, սակայն Իրանի դիրքորոշումն ու գործողությունները օգնեցին կասեցնել դա, ԱԼ-Մանիտորին տված հարցազրույցում ասում է Հայաստանի նորանշանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը: Նա նշել է, որ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, կարևոր է հայ-իրանական սահմանը, առավել ևս, որ Հայաստանն ունի երկու փակ սահման՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և Իրանի ու Վրաստանի հետ սահմանները միակ կապն են արտաքին աշխարհի հետ:
Հայաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունը պարունակում է մի քանի շերտ: Նախ, ակնառու է, որ Երևանն ընդգծում է Իրանի դերակատարումը ռեգիոնալ կայունության և այդ թվում Հայաստանի անվտանգության միջավայրի հարցում: Այդ ընդգծումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Իրանի շուրջ տեղի են ունենում բավականին բարդ խմորումներ, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը բարձրաձայնում է ԱՄՆ մտահոգությունը ռեգիոնում Իրանի ազդեցության աճի առնչությամբ: Այդպիսով, պաշտոնական Երևանը բավականին բաց հաղորդագրություն է հղում առ այն, որ Իրանի ազդեցությունը ռեգիոնում նպաստում է Հայաստանի անվտանգության միջավայրի կառավարելիությանն ու կայունությանը:
Ըստ այդմ, եթե որևէ մեկը մտահոգ է Իրանի ազդեցության աճով, ապա այդ մտահոգությունը փաստացի մտահոգիչ է դառնում Հայաստանի համար, որովհետև առաջացնում է առնվազն պարզ հարցեր, թե ի՞նչ մեխանիզմներով է ապահովվելու անվտանգության ու կայունության այն «բաժնեմասը», որ ապահովվում է Իրանի ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի փոխարտգործնախարարը Իրանի կարևոր դերի մասին խոսում է մի օրինակով, որի առնչությամբ նախկինում պաշտոնական Երևանից եղել է այլ հայտարարություն: Մասնավորապես, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիան կանգնեցրել է ԱՄՆ-ը:
Ստացվում է, որ փոխարտգործնախարար Կոստանյանն ասում է այլ բան՝ լայնածավալ շարունակության սպառնալիքը կանգնեցվել է Իրանի օգնությամբ: Իհարկե, այդ երկու հայտարարությունները կարող են դիտվել փոխլրացման համատեքստում, այսինքն՝ մեկի դերը չի բացառում մյուսինը, բայց, այդուհանդերձ, Երևանն առաջին անգամ բարձրաձայնում է Իրանի դերի մասին, ինչի կապակցությամբ էլ առաջանում է հարց՝ արդյո՞ք կա գնահատականների տարբերություն Հայաստանի իշխանական համակարգում: Ի վերջո, անկասկած է, որ սեպտեմբերյան ագրեսիան կանգնել է մի քանի գործոնների ազդեցությամբ, այդ թվում և հայկական զինուժի դիմադրության, բայց այդուհանդերձ, հայտարարությունը, թե կանգնեցրել է ԱՄՆ՝ պետական կարևոր պաշտոնյաներից մեկի շուրթերից հնչել է բավականին միարժեք և ամբողջական:
Իսկ այսօր փոխարտգործնախարարը նույն հստակությամբ և ամբողջականությամբ խոսում է Իրանի դերի մասին, ընդ որում ԱՄՆ՝ վերը նշածս հայտարարությունների համատեքստում: Իհարկե բնական է, երբ որևէ իշխանության համակարգում կարող են լինել մոտեցումների տարբերություններ, դա բնորոշ է անգամ գերտերություններին, ինչպիսին նույն ԱՄՆ, բայց խնդիրն այն է, որ պետք է կառավարելի լինի այդ մոտեցումների հրապարակային բարձրաձայնումը, և այդ կերպ չլուծվեն պահի կարճաժամկետ խնդիրներ: Իսկ տվյալ պարագայում Իրանի վերաբերյալ հայտարարությունը անշուշտ կարևոր է ավելի լայն իմաստով, հաշվի առնելով հենց ԱՄՆ արտահայտած մոտեցումները՝ Իրանի դերով մտահոգված լինելու վերաբերյալ: Որովհետև Հայաստանի համար ինչպես կարևոր է ԱՄՆ դերը, նույնչափ էլ նաև Իրանի: