
Թրանսփարենսի ինթերնեշնլը հայտնում է, որ Հայաստանը կոռուպցիայի համաթվով 2022 թվականին արձանագրել է նահանջ՝ երեք կետով: Հայաստանի կոռուպցիայի համաթիվը կազմել է 46, նախորդ երկու տարիների 49-ի փոխարեն, որը եղել էր առաջընթացի արդյունք: Ըստ կենտրոնի, եթե համաթիվը լինում է 50-ից պակաս, ապա դա համարվում է խնդրահարույց: Հայաստանը նախորդ տարիներին փաստորեն մոտեցել է 50-ին, սակայն 2022-ին նահանջել երեք կետով: Ու, թեև Հայաստանը ռեգիոնալ մակարդակում իր ցուցանիշով երկրորդն է՝ զիջում է միայն Վրաստանին, այդուհանդերձ դա չի կարող լինել գոհացուցիչ, քանի որ այս պարագայում Հայաստանն իր մոտ առկա պատկերը և կոռուպցիայի դեմ պայքարը պետք է չափի այսպես ասած «ինքնաբավ» տրամաբանությամբ, առանց որևէ այլ երկրի հետ համեմատության, հատկապես հաշվի առնելով գոյություն ունեցող հասարակական, կառավարման կարգերի, մշակույթի, մտահեյեցողական և արժեհամակարգային առանձնահատկությունների խնդիրը, նաև որոշակիորեն աշխարհաքաղաքական գործոնները և այլն:
Ըստ այդմ, Հայաստանի նահանջը երեք կետով թեև մեծ չէ, սակայն շոշափելի ու նկատելի է, և խոսում է թերևս խնդրահարույց միտումների մասին: Ի վերջո, այդ հանգամանքը Հայաստանի համար նաև որոշակի աշխարհաքաղաքական գործոն է, խաղաքարտ, որի նշանակությունն անշուշտ պետք չէ գերագնահատել, սակայն թերագնահատելն էլ կարող է լինել ռիսկային: Առավել ևս, որ, ի վերջո կա սկզբունքային հարցը՝ թե ժողովրդավարական համակեցությունը, թե կոռուպցիայի դեմ պայքարը հանգամանքներ են, որոնց ընտրությունը Հայաստանը պետք է կատարի ոչ թե աշխարհաքաղաքական նկատառումներից, այլ զուտ իր պետականաշինության անհրաժեշտություններից ելնելով: Իսկ այդ առումով անկասկած է, որ հայկական հանրության և ընդհանրապես նաև հայ ժողովրդի ստեղծագործական ներուժի հայաստանյան գեներացիայի կարևորագույն գրավականներից մեկը կոռուպցիայի դեմ հետևողական պայքարն է՝ իր հարաճուն դինամիկայով: Որևէ պատրանք, թե ի վերջո հնարավոր է բացառել այդ արատավոր երևույթը, չկա և չի կարող լինել, բայց ամենևին պատրանք չէ և չպետք է պատրանք ընկալվի այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է պահել աճող դինամիկայի վրա, չհանդուրժելով նվազում: Թե ինչն է հատկապես պատճառը, որ Հայաստանն արձանագրել է նահանջ, ունի թերևս հանգամանալից վերլուծության կարիք, սակայն այն իմաստով թերևս կարող ենք նկատել, որ ժամանակի ընթացքում նշմարվում է երևույթի հանդեպ քաղաքական իշխանության որոշակի «արխայիկ» վերաբերմունք, որը կարող է պայմանավորված լինել «լեգիտիմության թմբիրով»:
Քաղաքական իշխանության հոգեբանության ու մտածողության մեջ կարող է ձևավորվել համոզում, վստահություն, թե «նախկինների» գործոնն ի վիճակի է երկար ժամանակ լինել հասարակության ուշադրության կառավարման անթերի մեխանիզմ, այդ կերպ այդ ուշադրությունից դուրս պահելով ներկայի իշխանության ներկայացուցիչների՝ նախկինների համեմատ «մանր չարաճճիությունները»: Ամբողջ հարցն այն է սակայն, որ գործընթացը և կոռուպցիայի ձնագունդը սովորաբար թափ է հավաքում նաև աննկատ, հենց «մանր չարաճճիություններով», կամ ինչպես բնորոշում է ժողովրդական խոսքը՝ ձվի գողը դառնում է նաև ձիու գող: Հետո արդեն իրավիճակը անցնում է անշրջելիության կետը, քայքայման անկասելիությամբ, երբ ժամանակի ընթացքում դարձյալ իրավիճակը հանգում է կամ-կամ-ի, երբ Հայաստանի համար գործնականում չի մնում նախընտրելի «կամ»: