
Ադրբեջանն իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան այցելությունից: Դա տեղի է ունենում Իրանում Բաքվի դեսպանատան դեմ հարձակման հայտնի գործողությունից հետո, որ տեղի էր ունեցել հունվարի 27-ին և ինչի հետևանքով զոհվել էր անվտանգության աշխատակիցը: Ադրբեջանը այդ դեպքից հետո նաև հայտարարել է դեսպանատան աշխատանքը դադարեցնելու մասին: Թեհրանն իր հերթին կոչ է արել Բաքվին չգնալ զգայական որոշումների: Պատմությունն առավել ինտրիգային է դարձնում այն, որ դեսպանատան հանդեպ այդ տարօրինակ ու խորհրդավոր հարձակումից մեկ օր անց եղավ անօդաչուների հարձակումը Իրանի ռազմաարդյունաբերական գործարաններից մեկի վրա, որտեղ ըստ տեղեկության արտադրվում են անօդաչուներ և բալիստիկ հրթիռներ:
Կապը դեսպանատան ու այդ հարձակումների միջև զուտ ժամանակագրակա՞ն է, թե՞ նաև քաղաքական, սա իսկապես բարդ հարց է, որովհետև մի կողմից չկա կապ հավաստող ոչինչ, մյուս կողմից սակայն կա Իրանի շուրջ նկատելի սեղմվող օղակ, որում Ադրբեջանն էլ անշուշտ դիտարկվում է իր դերով: Ի դեպ, դեսպանատան հանդեպ հարձակումից հետո Իլլհամ Ալիևը հետախոսազրույցներ էր ունեցել նախ Իսրայելի նախագահի, հետո Իրանի նախագահի հետ: Ալիևը թերևս փորձել է հասկանալ կատարվող կամ ծավալվող ինչ որ բան, կամ գուցե հասկանալով՝ փորձել է կանխարգելել հետագա որևէ էսկալացիա, առնվազն Ադրբեջանի ներգրավումով: Այն, որ Ադրբեջանը հենց այդ հաշվարկների հիման վրա է դարձել Իսրայելի համար գործընկերային և անգամ դաշնակցային կարևոր ուղղություն, կասկածից վեր է: Հենց այդ նկատառումով էր նաև Թել Ավիվը 44-օրյա պատերազմի ընթացքում ապահովում կանոնավոր ռազմա-տեխնիկական փոխադրումները Ադրբեջան:
Ավելին, ըստ տեղեկությունների Ադրբեջանում աշխատել են նաև իսրայելական ինստրուկտորներ: Իհարկե Իսրայելի ներգրավվածության առանցքային թիրախը Հայաստանը կամ Արցախը չեն, այլ Իրանը, ու հենց այստեղ է, որ առաջանում է Ադրբեջանի «պարտքի» հարց: Բաքուն սակայն փորձելու է առավելագույնն անել դրանից խուսափելու համար: Կարո՞ղ է, թե ոչ: Սա է մեծագույն խնդիրը, որը կախված է թերևս երեք երկրի վերաբերմունքից՝ Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իրանի հետ կոնֆլիկտի դեպքում կպաշտպանի Բաքվին:
Ըստ էության, այդ կոնֆլիկտը նշանակելու է, որ Բաքուն դառնում է «Ուկրաինա» Իրանի դեմ: Ինչպե՞ս կվերաբերեն դրան Ռուսաստանն ու Թուրքիան: Սա թերևս չունի միարժեք պատասխան և կախված է մի քանի գործոնից: Լայն իմաստով, Ռուսաստանն ու Թուրքիան հազիվ թե լինեն այդպիսի հեռանկարով շահագրգռված: Մեծ պատերազմ Կովկասում, նրանց թերևս պետք չէ: Պետք է դա ԱՄՆ-ին, թե ոչ, դա էլ թերևս հարց է: Երբ Նահանգները հայտարարում է, որ Իրանի հետ բախման դեպքում կաջակցի Բաքվին, դա դեռ աներկբա ու միարժեք չի նշանակում, թե Նահանգները Բաքվին կտանի Իրանի դեմ բախման: Բայց կօգնի՞ Ադրբեջանին խուսափել Իսրայելի այդօրինակ մտայնությունից՝ Իրանի դեմ գրոհների պլացդարմ դիտարկվելուց, այս կամ այն կերպ, սա էլ հարց է, որը թերևս կախված է նաև ԱՄՆ ներքին քաղաքական իրողություններից: Այդ համատեքստում, Իրանի հարցում «զգայական քայլերի» գնալու ադրբեջանական մոտեցումը իր տողատակում կարող է ունենալ նաև հակառակ տրամաբանություն՝ ոչ թե սրել կոնֆլիկտը, այլ հարաբերության որոշակի սառեցման շնորհիվ թեկուզ հարաբերականորեն ավելի պարզեցնել իրավիճակն ու այդ կերպ փորձել դարձնել այն առավել կառավարելի:
Համենայն դեպս, հազիվ թե Բաքուն ինքնակամ գնա «ինքնասպանության»՝ Իրանի հետ բախման: Դա իհարկե կլինի ոչ միայն Բաքվի, այլ թերևս Հարավային Կովկասի «ինքնասպանության» սպառնալիք: Այդ ֆոնին հնչում է ՌԴ ԱԳՆ բարձրաձայնումը, որ մտադիր են աշխուժացնել «3+3» խորհրդատվական ձևաչափի աշխատանքը, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ Իրանը կարող է միանալ Ռուսաստան-Սիրիա-Թուրքիա կարգավորման ձևաչափի աշխատանքին: Որքան էլ չհնչի տարօրինակ, բոլոր ռիսկերով հանդերձ, այդ իրողություններն այդուամենայնիվ պարունակում են Կովկասում իրավիճակը կայուն պահելու հնարավորություն: Իսկ այդ հնարավորությունը Երևանին էլ թույլ է տալիս ունենալ աշխատաբնքային հնարավորություն այլ դերակատարների հետ՝ հավելյալ բալանսավորող գործոններ ապահովելու ուղղությամբ: Եգիպտոսի նախագահին Երևանում ընդունելուց զատ, Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը աշխատանքային կարճատև այցով եղել է Կատարում, որտեղ քննարկվել են նաև փոխայցերի, հավանաբար նաև Կատարի Էմիրի հնարավոր այցին առնչվող հարցեր: