
Արտաքին բարդ մարտահրավերների, ծանր աշխարհաքաղաքական իրողությունների և ռիսկերի, ու նաև ներքին խրթին իրավիճակի պայմաններում օբյեկտիվորեն հաճախակի ծավալվող խոսակցություն է իշխանափոխության թեման: Այստեղ սակայն թեման ներառվում է սուբյեկտիվ մոտեցումների գերակայության շրջանակ, մատուցվելով իբրև մեխանիկական լուծում: Այլ կերպ ասած՝ կլինի իշխանափոխություն, կսկսի փոխվել իրավիճակն ու կնշմարվեն լուծումները: Այլ կերպ ասած, իշխանափոխությունը մատուցվում է հանրությանը որպես «կախարդական փայտիկ», ինչն իրականում սակայն լինելու է հերթական ծուղակ: Որովհետև, հենց այդպես է հարցը մշտապես մատուցվել հանրությանը և հենց այդ մատուցման ծուղակն էր նաև 2018-ից հետո ծավալված իրավիճակը, երբ թվում էր, թե միայն իշխանափոխությունը բավարար է, որպեսզի լուծվեն խնդիրները: Նույնը շարունակվում է այսօր, իսկ հակառակի մասին խոսելը դիտարկվում կամ մատուցվում է որպես գործող իշխանության սպասարկում, այսպես ասած քողարկված, գաղտնի աջակցություն:
Նույնն էր մինչև 2018-ը, երբ որևէ մեկը համարձակվում էր խոսել այն մասին, որ խնդիրը լոկ Սերժ Սարգսյանը չէ, կան համակարգային, խորքային բարդություններ և հանրությունն ու ընդդիմությունները պետք է կարողանան նախ գալ դրանց ստույգ ախտորոշման, որպեսզի նաև ձևավորեն այն ուժը, այն միջավայրը, որում արդեն իշխանափոխությունը կդառնա լուծում, կբերի նոր միջոցների, այլ ոչ թե նոր հիասթափությունների և թակարդների: Այդ խնդիրը հանրությունն ու ընդդիմությունները չլուծեցին նախկինում, 2018-ին երկու-երեք շաբաթում գերարագ զարգացավ հեղափոխական լուծում, որի հետևանքը հետագա բարդություններին և ընդհուպ աղետալի զարգացումները: Թեև, 2018-ը ըստ էության պետք է լիներ այն միջոցը, ինչի շնորհիվ Հայաստանն ու հայ ժողովուրդը խետք է խուսափեին դրանից դեռևս տարիներ առաջ ծավալումների վճռորոշ փուլ մտած մարտահրավերներից ու սպառնալիքներին, կարողանային չեզոքացնել դրանք:
Բայց, «ընտրվեց» մեկ պատասխանատու՝ Սերժ Սարգսյանին այդ «կարգավիճակում» փոխարինեց Նիկոլ Փաշինյանը: Եվ, առաջին որևէ դեմքի աներկբա ու անհամեմատելի գերակա պատասխանատվությամբ հանդերձ, երբ այդ կարևոր ինստանցիան դրվում, բերվում հանգեցվում է մեկ կետի՝ առանց պատասխանատվության լայն միջավայրի համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորման, հետևանքը լինում է այն, որ սկսում է արդեն «քավության նոխազի» փնտրտուքն ու իշխանափոխության մասին մեխանիկական «դիսկուրսը»: Այլ կերպ ասած՝ դարձ ի շրջան յուր: Հայաստանն ու հանրությունը թե ներքին, թե արտաքին բարդ իրավիճակում առավել արդյունավետ լինելու համար ունեն նախ հենց այդ շրջանից դուրս գալու անհրաժեշտություն, որպեսզի իշխանափոխության օբյեկտիվ թեման էլ դուրս գա մեխանիկական մատուցումների դաշտից և հայտնվի գործնական լուծումների և մեխանիզմների շարքում: