
Հունվարի 28-29-ին կտրուկ լարվել է իրավիճակը Իրանի շուրջ: Տեղի ունեցավ անօդաչուների հարձակում Իրանի Սպահան քաղաքի ռազմաարդյունաբերական ձեռնարկության վրա: Ըստ իրանական աղբյուրների, հարձակման հետևում Իսրայելն է, որի անօդաչուները փորձել են խոցել ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը: Սակայն, իրանական կողմը հայտնում է, որ դա չի ունեցել հաջողություն: Հակառակ կարծիքի են իսրայելական աղբյուրները, որոնք նշում են, թե եղել է «բավականին հաջող» գործողություն: Պաշտոնական մակարդակում առայժմ զսպվածություն է: Այդ ֆոնին տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մերձավորարևելյան այցը: Բլինքենը նախօրեին Եգիպտոսում էր, որտեղ, ի դեպ, հանդիպում էր նաև Կովկաս ռեգիոնալ այցից վերադարձած նախագահ Սիսիի հետ, որը հունվարի 28-29-ին Երևանում էր և հանդիպում էր ունենում Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:
Բլինքենի մերձավորարևելյան այցի մասին իհարկե ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր մինչև իրանյան ուղղությամբ հարձակումները: Բլինքենը, ըստ նախապես ազդարարվածի, ռեգիոնալ այցի էր մեկնում իսրայել-պաղեստինյան լարվածության նոր ալիքով անհանգստացած: Թեև պետքարտուղար Բլինքենի այցի նպատակը դրանից առաջացած պաղեստինա-իսրայելական լարվածությունը նվազեցնելն էր, այցին զուգահեռ փաստացի լարվում է իրավիճակը Իրանի շուրջ և իրանական հարցը կլինի թերևս առանցքային: Հատկապես, որ Միացյալ Նահանգները այդ առնչությամբ՝ Իրանի ռեգիոնալ դերակատարության աճի առնչությամբ մտահոգությունները արտահայտում է բաց տեքստով:
Օրերս տեղեկություն տարածվեց, որ մարտին իրագործման փուլ կմտնի ռուսական Սու 35 կործանիչների շուրջ ռուս-իրանական գործարքը: Այստեղ առանցքային է այն, որ այդ կործանիչները ի զորու են կրել միջուկային սպառազինոությամբ հրթիռներ: Եթե Իրանը տնօրինի այդպիսի գերժամանակակից ռազմական ավիացիա, ապա դա անկասկած նոր իրավիճակ է մերձավորարևելյան ռեգիոնում, հատկապես, եթե Թեհրանին հաջողվի ստանալ միջուկային զենք: Ավելին, այդ իմաստով ուշադրության է արժանի, որ իրանական ռազմաարդյունաբերական ձեռնարկությանը անօդաչուներով հարվածից առաջ համացանցում տարածվեց տեղեկություն, իբրև թե Ռոյթերզը հայտնել է, թե Ռուսաստանը բալիստիկ հրթիռների դիմաց Իրանին է փոխանցել 10-20 միջուկային մարտագլխիկ: Իհարկե որևէ համացանցային փնտրտուք չտվեց հաջողություն՝ Ռոյթերզի հրապարակումներում այդօրինակ տեղեկություն գտնելու կապակցությամբ, սակայն թերևս էական հարց է, թե ինչու՞ այդօրինակ տեղեկություն հայտնվեց համացանցում և որը փաստորեն նախորդեց Իրանին ուղղված հարվածներին: ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը հերքել է այն տեղեկությունները, թե հարվածներին ներգրավված են եղել ամերիկյան ուժեր:
Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ զինուժը չի ունեցել մասնակցություն: Ավելին նա չի մեկնաբանել: Դա թերևս ուշադրության արժանի հանգամանք է, հաշվի առնելով այն, որ Պենտագոնը հերքում է զինուժի մասնակցությունը, բայց որ ԱՄՆ ընդհանրապես: Իհարկե, Պենտագոնի խոսնակը իրավասու է հերքել միայն գերատեսչությանն առնչվող տեղեկությունները, և պետք է հասկանալ, թե արդյո՞ք որևէ դեր ունեցել է ԱՄՆ հետախուզությունը, որի ղեկավարը օրեր առաջ գտնվում էր Իսրայելում: Եվ ընդհանրապես, կա՞ Միացյալ Նահանգների կառավարող համակարգում տարակարծություն Իրանի հարցում քաղաքականության և գործողությունների առնչությամբ, մասնավորապես՝ անցնե՞լ կոշտ քայլերի, թե՞ փորձել մնալ քաղաքական ճնշման մեթոդաբանության շրջանակում, գոնե առայժմ: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մերձավորարևելյան այցի ընթացքում կփորձի զսպե՞լ հետագա ուժային լարվածության հնարավորությունը, թե՞ հակառակը: Հայաստանի համար Իրանի շուրջ էսկալացիան անկասկած խիստ զգայուն հանգամանք է և մարտահրավեր, նկատի ունենալով այն, որ դրանում ակնհայտորեն դիտվում է Ադրբեջանի դերակատարում: Հատկանշական է, որ հարվածային գործողություններին նախորդել էր Թեհրանում Բաքվի դեսպանատան հանդեպ տարօրինակ գրոհը՝ զինված տղամարդը ներխուժել էր ավտոմատով և սպանել անվտանգության ծառայության աշխատակցին: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հեռախոսազրույցներ էր ունեցել թե Իսրայելի նախագահի, թե Իրանի նախագահի հետ: Ադրբեջանը դադարեցրել է Թեհրանում իր դեսպանատան աշխատանքը: