
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
«Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցություններ կազմակերպելու Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև Սերգեյ Լավրովի հովանու ներքո։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք և Բաքվին, և Երևանին, հրապարակային խոսել ենք այդ մասին։ Կարծում ենք՝ պարբերաբար ի հայտ եկող բարդությունները չպետք է բանակցային գործընթացի սառեցման պատճառ դառնան»,- ասել է դիվանագետը:
Զախարովան ասել է, որ հարկավոր է որքան հնարավոր է արագ վերականգնել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղ պայմանագրի կնքումը և շփումները քաղաքացիական հասարակության գծով։
«Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Շարունակվում են իրավիճակի կարգավորմանն ուղղված եռանդուն ջանքերը։ Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են լարվածությունը նվազեցնելու կոչերով, ռուսական կողմը տեղում՝ գետնի վրա, իրական լուծումներ է որոնում և հումանիտար աջակցություն ցուցաբերում։ Մենք կոչ ենք անում լիարժեք ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն, և կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել՝ կարգավորելու համար առկա տարաձայնությունները»,-ասել է Զախարովան։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ Զախարովայի հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե այն տեսանկյունից, որ Մոսկվան փորձում է բանակցությունները բերել իր հարթակ, այլ այն տեսանկյունից, որ Մոսկվան ձգտում է բանակցությունները պահել իր հարթակում.«Ըստ էության՝ նույնիսկ մինչև 44 օրյա պատերազմը և դրանից մի քանի տարի առաջ էլ, Մինսկի խմբի գոյության պայմաններում էլ, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան առաջնահերթությունը թողել էին Ռուսաստանին։ Բնականաբար արդեն վերջին 4-5 տարվա իրողությունն այն է, որ առաջնահերթությունը եղել է Ռուսաստանում։ Ելնելով այն հանգամանքից, որ իր ազդեցության գոտին է, արևմուտքը մտածել է կամ դիրքավորվել է այդ սկզբունքով։
Բայց ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, արևմուտքի դիրքորոշումը կտրուկ փոխվել է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Քեռյանի՝ Ռուսաստան-արևմուտք բացահայտ պատերազմի պայմաններում, Մոսկվային թողնել առաջնահերթություն հարավկովկասյան և մյուս տարածաշրջաններում՝ աշխարհաքաղաքական առումով ո՛չ Միացյալ Նահանգներին ո՛չ Եվրամիությանը ձեռնտու չէ.«Հիմա միջազգային քաղաքական գործընթացների տրամաբանությունն այն է, որ պետք է Ռուսաստանին զրկել հետխորհրդային տարածքում ազդեցության գոտիներից, հակամարտությունների լուծման առաջնահերթությունից ու որքան հնարավոր է մեկուսացնել Ռուսաստանը։ Ահա այս տրամաբանության մեջ է, որ արևմուտքը, Եվրոպական միությունը փորձում է ստեղծել հակամարտության կարգավորման իր հարթակը, որոշել է դիտորդներ ուղարկել, ձևավորել է բանակցությունների բրյուսելյան հարթակը։ Իսկ Ռուսաստանը հասկանալով այս ամեն ինչը հիմա փորձում է պահել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան բանակցության ձևաչափը և թույլ չտա, որ արևմուտքն այստեղ հարցերը լուծի իր գեոպոլիտիկ շահերի տեսանկյունից»։
Մեր զրուցակիցը գտնում է, որ այս դիմակայության մեջ Հայաստանը պետք է փորձի ոչ թե մանևրել, այլ ՀՀ իշխանությունները, որոնք ավելի լուրջ տեղեկության են տիրապետում, պետք է առավել ճիշտ ու սթափ վերլուծեն ստեղծված իրավիճակը, գան հստակ մեկ հարթակի վրա ու այնտեղ փորձեն հարցերը լուծել.«Իսկ թե որ հարթակի վրա՝ դա բարդ հարց է, որովհետև սխալվելու կամ սայթաքելու դեպքում, մենք կկորցնենք ոչ միայն Ղարաբաղը, այլ տարածքային կորուստներ կունենանք նաև Հայաստանից՝ հատկապես Սյունիքից։ Երկու լարի վրա խաղալը ներկա իրավիճակում շատ վտանգավոր է։ Եթե 90-ականներին մենք ասում էինք, որ կոմպլիմենտար, փոխլրացնող քաղաքականության ենք հետևում, որպեսզի և՛ արևմուտքի հետ հարաբերությունները զարգանան և՛ Ռուսաստանի ու հետխորհրդային երկրների, այժմ դա հնարավոր չէ։ Տեղի է ունենում բացահայտ պատերազմ, այն գուցե ձգվի ևս մեկ տարի կամ ավել, կողմերը հսկայական ռեսուրսներ մարդկային կորուստներ են տալիս, իսկ այս պարագայում Հայաստանի նման փոքր երկիրը պետք է ընտրի այն հարթակը, որն իր համար առավելագույնս ապահովում է անվտանգություն ու բացառում երրորդ ղարաբաղյան պատերազմ։ Եթե մենք ընդունենք որևիցե հարթակ ավելի մեծ ակնկալիքներով, այսինքն՝ մեզ մեծ խոստումներ են տալիս, բայց իրականում հարյուր տոկոսով չեն երաշխավորում, որ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգ չկա, նշանակում է այնտեղ պետք չէ գնալ։ Ավելին՝ համեստ ձեռքբերումներով պետք է կանգ առնել այն հարթակի վրա, որը բացառում է, որ մենք կկանգնենք երրորդ ղարաբաղյան պատերազմի առաջ»։