
Հունվարի 28-ին, Հայաստանի համար խորհրդանշական օր Երևան ժամանեց Եգիպտոսի հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին: Նրա այցը պատմական է, քանի որ Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանում առաջին անգամ: Հայ-եգիպտական հարաբերությունն իհարկե ամենևին «երիտասարդ» չէ, թե միջպետական առումով, թե նաև պատմական, մշակութային, անգամ դավանաքաղաքական իմաստով՝ չնայած երկու երկրների տարբեր դավանքի հանգամանքին: Իհարկե, այդ ամենին զուգահեռ, երկկողմ հարաբերությունն ունի առավել խորանալու կարիք, հատկապես մի աշխարհում, որը գտնվում է փլուզման ռեժիմում և այդ պարագայում պահանջվում է բարեկամների որքան հնարավոր է մեծ շրջանակ, թե Հայաստանի, թե Եգիպտոսի համար:
Ըստ այդմ, Երևանն ու Կահիրեն ունեն խոսելու թե պատմական հենք, թե ընթացիկ անհրաժեշտություններ ու ապագայի հեռանկարներ: Նախագահ Սիսին Երևան է ժամանում Բաքվից, իսկ Ադրբեջան էլ ժամանել էր Հնդկաստանից, որտեղ վարչապետ Մոդիի հրավերով հատուկ հյուր էր Հնդկաստանի հանրապետության տոնին: Վերջին շրջանում Հնդկաստանի ու Եգիպտոսի հարաբերությունները զարգանում են բավականին սերտ, քննարկելով տարբեր ուղղություններ, այդ թվում տրանսպորտային երթուղիներ, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում թե Դելիի օրակարգում, թե նաև Կահիրեի, որը փորձում է առավել ամրացնել իր հանգուցային դերը՝ մի քանի ռեգիոնների և «աշխարհների» այսպես ասած «հատման» կետում: Եգիպտոսը էական, նշանակալի սուբյեկտային խաղացող է թե աֆրիկյան ուղղությամբ, թե արաբական աշխարհում, թե մերձավորարևելյան ռեգիոնում, միջերկրծովյան ուղղությամբ, մեծմերձավորարևելյան և ասիական ռեգիոնում ընդհանրապես:
Այդ ամենով հանդերձ, Կահիրեն փորձում է հավասար և կայուն տարածություն և քաղաքական օրակարգ ապահովել թե Վաշինգտոնի, թե Մոսկվայի հետ: Ի դեպ, ուշադրության է արժանի հանգամանքը, որ նախագահ Սիսիի ռեգիոնալ այցից առաջ Եգիպտոս՝ իր ռեգիոնալ այցի շրջանակում ժամանել էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Նրա այցի առանցքային թեման արաբ-իսրայելական հակամարտությունն էր, և դժվար է ասել՝ պետքարտուղար Բլինքենն արդյոք շոշափել է նախագահ Սիսիի՝ Կովկաս ռեգիոնալ այցի թեման, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարությամբ հայ-ադրբեջանական հակամարտության հարցը Բլինքենի համար անձնապես կարեւոր հարց է: Բոլոր դեպքերում, անկասկած է, որ Երևան է ժամանել կարեւորագույն և բարեկամ երկրներից մեկի նախագահը, ինչը հնարավորություն է նոր հարթություն բարձրացնել թե երկկողմ հարաբերությունը, թե դրա միջոցով նաև Հայաստանի քաղաքականությունը մեծմերձավորարևելյան ռեգիոնի իմաստով: