
Հայկական բանակը տոնում է իր 31-րդ տարեդարձը: Ցավոք սրտի, բանակի տարեդարձը արդեն երրորդ տարին անընդմեջ տոնում ենք չափազանց բարդ ռազմա-քաղաքական պայմաններում, 44-օրյա պատերազմից հետո, ծանր կորուստներով, որոնց ավելացել է նաև օրեր առաջ Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցած ողբերգական դեպքը: Իրավիճակը բացարձակապես տոնական չէ, թեև այդ ամենի համար բանակը՝ որպես այդպիսին, չունի իր մեղքն ու այս տարիների ընթացքում վաստակել է, ու շարունակում է վաստակել շնորհավորանքի իրավունքը:
Այլ է, որ բանակը չի արժանացել այնպիսի խորքային պետական վերաբերմունքի, որը բնորոշ կլիներ պատերազմի մեջ ծնված պետություններին, չավարտված պատերազմի պայմաններում ապրող պետություններին, և հավելում դրա՝ նաև գործնականում հասունացող և հասունացած համաշխարհային հիբրիդային պատերազմի միջավայրին:
Հայաստանում տարիներ շարունակ գործել է «բանակի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ» սկզբունքը: Ու դրա հետևանքը եղել է թերևս բավականին ծանր, որովհետև, բանակի մասին շատ ավելի առարկայորեն և առերես խոսելու պարագայում, մենք թերևս կունենայինք ոչ միայն այլ որակի զինված ուժեր, այլ դրանք կլինեին պարզապես այլ որակի պետության արդյունք: Ցավալիորեն, տասնամյակներ մենք փորձել ենք բանակի հայրենասիրական «զրահի» հետևում թաքցնել մեր պետական անորակությունը, դրա համար պատասխանատուները փորձել են թաքնվել բանակի հետևում, առավելապես հայրենասիրական քարոզչության փաթեթներով: Այդ ամենով հանդերձ, հայկական բանակը կայացել է, ու իր բոլոր համակարգային խնդիրներով հանդերձ, կարողացել է լուծել նվազագույն խնդիրներ, իր թիկունքում գործնականում չունենալով որակյալ, արդիական հասարակական-քաղաքական և պետական օրգանիզմներ: Այդ առումով, հայկական բանակը անգամ ակամայից իր մեջ պարփակել է ժողովրդական որակների ու հատկանիշների մի ամբողջություն, չմշակված, հաճախ ինտուիտիվ մակարդակի, ոգեղեն զգացականության մակարդակի, բայց դրանք վերածել ընթացիկ, առօրյա անվտանգության: Բայց, դա բավարար չէր արդեն ավելի մեծ աշխարհաքաղաքական մարտահրավերների ու սպառնալիքների դեմ, որոնք Հայաստանի գլխին աստիճանաբար սկսեցին լցվել հատկապես 2015-16 թվականներից, հասնելով մինչև 44-օրյա պատերազմ: Այստեղ է, որ բանակը իր թիկունքում պետք է ունենար արդիական պետական և հասարակական-քաղաքական համակարգերի ինստիտուցիոնալ ամբողջություն, որոնք կապահովեին ավելի մեծ դիմադրունակություն, համակարգային, համալլիր դիմադրունակություն և անվտանգության խնդիրների սպասարկում: Այդ բացը մնում է առ այսօր:
Այսօր գործնականում համատարած խոսակցություն է բանակի վերափոխման մասին, խոսում է իշխանությունը՝ իր պատկերացումների շրջանակում, խոսում են տարբեր քաղաքական ուժեր՝ իրենց պատկերացումներով, տարբեր փորձագետներ, խմբեր, մամուլի միջոցներ և այլն: Այդ բոլոր խոսակցությունները ավելի շուտ ստեղծում են աղմուկ, որը ոչ այնքան վերափոխում է բանակը, որքան գուցե ընդամենը «շեղում»:
Պատկերացնենք, թե տեղեկատվական դարաշրջանում, երբ ինֆորմացիայի աղբյուր է ցանկացած սարք, ի՞նչ ընկալումներ են առաջանում բանակում, հետևեով առկա խոսակցություններին: Դրանցում խառնված են մասնագիտական կոմպետենտությունը, անմեղսունակ ոչ կոմպետենտությունն ու տարատեսակ քաղաքական կոնյուկտուրային դիտավորությունները: Կար ժամանակ, երբ գործում էր «բանակի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ» սկզբունքը, ինչպես նշեցի սկզբում, իսկ այսօր գործում է մի սկզբունք՝ «բանակի մասին ով ինչ կուզի»: Մի ծայրահեղությունից, մենք հայտնվել ենք այլ ծայրահեղության մեջ ու դեռ պարզ չէ, թե ինչ հետևանք կարող է ունենալ այդ ծայրահեղությունը: Այսօր, հայկական բանակը ունենալով վերափոխման կենսական անհրաժեշտություն՝ իր իսկ դիմադրունակությունը ժամանակակից մարտահրավերներին համարժեք դարձնելու, հետևաբար թե ինքն իր անվտանգությունը, թե պետության անվտանգությունը ավելի արդյունավետ սպասարկելու համար, ունի նաև այդ հասարակական-քաղաքական «աղմուկից» և տեղ-տեղ նույնիսկ «աղաղակից» պաշտպանվելու, և հասարակական-քաղաքական դաշտից պարզապես մասնագիտական, կոմպետենտ բովանդակությամբ կոնտենտ ստանալու կարիք: Հայկական բանակն ունի բոլոր իմաստներով «տնայնագործական» տրամաբանությամբ շրջապատող հոգատարությունից ազատվելու և մասնագիտական բարեխղճության և խստաբարոյության շրջանակով պատվելու անհրաժեշտություն: Որովհետև տնայնագործությունը՝ որքան էլ անկեղծ ու ազնիվ, անմնացորդ նվիրումով, այդուհանդերձ չի եղել ու չի կարող լինել որևէ համակարգային զարգացման հիմք: