
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն օգտագործվել է երկու երկրների թշնամիների կողմից և կոչ է արել թույլ չտալ, որ այս միջադեպը բացասաբար անդրադառնա երկու պետությունների հարաբերությունների վրա։
Իրանի արտգործնախարարը նաև առաջարկել է Ադրբեջանին երկու երկրների անվտանգության ծառայություններին համագործակցել հարձակումը հետաքննելու համար։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ Բայրամովը ողջունել է այդ գաղափարը։
«Աբդոլլահիանը, դատապարտելով այս միջադեպը, մատնանշել է երկու երկրների թշնամիների կողմից այսօրվա միջադեպի օգտագործումը և նշել, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի այս միջադեպը բացասաբար ազդի երկու երկրների հարաբերությունների վրա»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Իրանի գերատեսչության ղեկավարը նաև ցավակցություն է հայտնել Բաքվին դիվանագետի մահվան կապակցությամբ և ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։