
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։
-Պարոն Խաչատրյան, Հայաստանի բազմաթիվ դիմումներից հետո ՀԱՊԿ-ը մերժեց օգնել Հայաստանին ու գոնե հասցեական արձագանքել այն իրադարձություններին, որոնք անմիջապես Հայաստանի սահմանին են տեղի ունենում։ Այժմ Հայաստանն իր համաձայնությունն է տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը, ինչն ակնհայտորեն դուր չի գալիս Մոսկվային։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ պետք էր նաև Ադրբեջանի կարծիքը հարցնել։ Ինչպե՞ս եք գնահատում այս մոտեցումը։
–Դիվանագիտական մոտեցումը համաշխարհային սիստեմը կործանեց։Երբ դիվանագետը մի բան է ասում, միշտ ման է գալիս, թե որտեղ արդարանա, որ իրեն չկպնեն։ Այն էլ այն երկրի դիվանագետը, որը գիտեք թե ինչ պատերազմների մեջ է ու բոլոր տեղերում պարտություն է կրում։ Այս իրավիճակում վերցնել ու քննարկել, թե ինչ ասեց՝ այնքան էլ տեղին չէ։ Թող Ադրբեջանը վրդովվի, իրենք ինչու՞ են նյարդայնանում։
2020 թվականին Ռուսաստանն աննախադեպ քայլի գնաց՝ իր խաղաղապահ կոնտինգենտն այստեղ տեղակայելով։ Այս տարիների ընթացքում պետք էր հսկայական աշխատանք տանել։ Պետքարտուղարի տեղակալն ասաց, որ իրենք այդ պայմանագիրը չեն ընդունում։ Երբ հասավ այն տեղը, որ այդ խաղաղապահ ուժերը պետք է չլինեն, արդեն կլինեն քայլեր։ Իմ ամբողջ վախը ոչ թե այդ մեկնաբանությունն է, այլ որ թեժ կետն Աստված չանի՝ Ուկրաինայից տեղափոխվի մեր մոտ։ Այսինքն՝ եթե կատաստրոֆիկ պայթյուն լինի, որ հզոր երկրները նստեն համաձայնության, դրանից հետո աշխարհի տերերը նոր բաժանում կանեն, եթե մարդկությունը չվերանա։
Հիմա այդ տուրբուլենտությունը սփռվում է մեր տարածաշրջանում, իսկ ուժեր կլինեն, որ ուրախ կլինեն, որ տեղափոխվի լրիվ այլ տեղ՝ այսինքն Հայաստան։ Այդ երկու հարյուր մարդու գալը չէր, որ այդ սահմանին պետք է կանգնեին կամ ոչ, այդ վտանգն է, որ արդեն շարժումը սկսվել է։ Հայաստանի 20 տարվա քաղաքական մոտեցումը, պետություն չստեղծելը, միջազգային ասպարեզում դիրք չունենալը ոչ միայն Հայաստանին սարքեց թույլ, այլ ամբողջ տարածաշրջանը սարքեց վտանգավոր, ինչն ամենավատ բանն է։Եթե Եվրոպան 200 հոգի ուղարկում է երկու տարով, ուրեմն տարածաշրջանը վտանգավոր շրջանում է։ Շատ շուտով հարց է դրվելու խաղաղապահ ուժերին հանելու, 2020 թվականի պայմանագիրը չեղարկելու մասին։ Սրանք ամբողջը վտանգներ են, որ շատ շուտով լինելու են։ Իսկ թե դա ինչի կբերի՝ շատ վտանգավոր է, քանի որ Հայաստանի ամբողջ դիվանագիտական դպրոցը կործանված է։ Ալիևի ու Էրդողանի վրա դրվել է Դոն Կոռլեոնեի փոշին, իրենց աշխարհի տերն են համարում, Վրաստանն ընդհանրապես դիրք չունի, Իրանի դեմ ահռելի քայլեր են իրականացվում։ Ինձ համար մինչև հիմա անհասկանալի է, թե ինչ էր այս Լաչինի միջանցքի փակումը։ Դրա համար Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը լուրջ ընդունել պետք չէ։Եթե Ադրբեջանն ուզենար՝ թող խոսեր, դուք ի՞նչ եք խոսում։
-Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ մեր դաշնակիցն Ադրբեջանի շահերով ավելի շատ է հետաքրքրված, քան մեր։
-Հայաստանն իր դիրքը կորցնում է, միշտ ման են գալիս ուժեղին, որը դիրք ունի, ինչ-որ հարցեր կարող է քննարկել։ Ես չեմ ասում՝ Ռուսաստանը ճիշտ է կամ սխալ, դա չեմ քննարկում։ Բոլոր հանրապետություններն այսօր՝ Միջին Ասիայից սկսած մինչև Բելառուս,միշտ տեղավորվում են այս իրավիճակում, այդ երկրներում էլ առաջնորդը դառնում է սիմվոլ։ Այսօրվա Ռուսաստանի վիճակը հաշվի առնելով՝ իր հայտարարությունները քննարկել ես ճիշտ չեմ համարում։
-Հնարավո՞ր է Ռուսաստանը կոնտր քայլերի գնա, ի՞նչ վտանգների սպասել այս իրավիճակում։
-Ես կասկածում եմ։ Քո տան մեջ ցանկացած խժդժոց ստեղծվում է այն ժամանակ, երբ տունդ տուն չի։Այսօր ամեն ինչ կախված է Հայաստանից ու հայերից։ Այս իրավիճակում եթե սկսում են Հայաստան քննարկել, ապա նաև ուրախ կլինեն իրենց խնդիրները տեղափոխել Հայաստան ու աշխարհի ուշադրությունը գրավել՝ թեկուզ Հայաստանի կործանման գնով։ Քայլը կատարվելու է։ Չէր կարող աշխարհն ընդունել ռուս խաղաղապահներին, հենց լծակ ունենային՝ խփելու էին։ Պայմանագիրը կնքվել է առանց Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, դա մի օր տրաքելու էր։ Վտանգն այն է, թե մենք ոնց պահենք մեր երկիրն այս խառնաշփոթի մեջ։ 28 տարի երկիրը թալանի վրա է նստած եղել, բոլոր խաղաքարտերը տվել են մեր թշնամի երկրներին։ Մենք շատ մեծ վտանգի առաջ ենք, երկիրը կործանվում է։ Մենք մտնում ենք հզոր պատերազմի մեջ։ Մի օր այս բախումը լինելու էր, բայց սրան պատրաստվել էր պետք։ Ինչո՞ւ են հիմա Վաշինգտոնում հայտարարում, որ 2020 թվականի պայմանագիրը չեն ընդունում։ Պետք է այս հարցերի մասին մտածել ու հստակ գործել։