
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաքագրած տեղեկությունների համաձայն 2022 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 64 զինծառայողի մահվան դեպք։ Մահվան 64 դեպքերի պատճառներն են՝ առողջական խնդիրներ՝ 17 դեպք, ավտովթար՝ 17 դեպք, hրադադարի ռեժիմի խախտում՝ 14 դեպք, ինքնասպանություն՝ 6 դեպք, սպանություն 6 դեպք, որից՝ դիտավորյալ՝ 2 դեպք, ԶՕԿ՝ 1 դեպք, անհայտ պայմաններում՝ 1 դեպք, մարտական ծառայության կանոնների խախտում՝ 2 դեպք, դժբախտ պատահար՝ 2 դեպք՝ (այրվածք հրդեհի հետևանքով, հոսանքահարում, ջրահեղձ), զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 1 դեպք, ականի պայթյուն՝ 1 դեպք։
2022 թ. 64 զինծառայողների մահվան դեպքերից միայն 30-ի (47 %-ի) մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, 4 (6 %-ի) դեպքի մասին տեղեկություն է տարածվել միայն զանգվածային լրատվամիջոցներով, 3 (5 %-ի) դեպքի մասին ԶԼՄ տարածած տեղեկությունը հաստատվել է ՊՆ և գլխավոր դատախազության կողմից, սակայն պաշտոնական հաղորդագրություն այդ դեպքի մասին այդպես էլ չի տարածվել։ Մյուս 27 (42 %) դեպքի մասին տեղեկություն ընդհանրապես չի տարածվել:
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ցանկացած մահվան ելքով պատահար արդեն մտահոգիչ է, առավել ևս խաղաղ պայմաններում, առավել ևս վերը նշված դեպքերի հանրագումարը. «Որևէ պետության բանակում երաշխավորված չեն, որ նման դեպքեր չեն լինի, բայց արդյոք մենք ունե՞նք նվազում, թե՞ ոչ: Երկրորդ՝ մենք որքան էլ փորձենք արձանագրել, որ ամեն մի մահվան գործում առկա է մի ողջ ընտանիքի ողբերգություն, մենք պետք է հասկանանք՝ ՊՆ-ն, ռազմական ոստիկանությունը, իրավապահ մարմինները, հասարակությունը ինչպիսի վերլուծությունններ են կատարում, ինչպիսի դասեր են քաղվում հետագայում այսպիսի դեպքերը բացառելու համար։ Քանի դեռ չունենք դա, ամեն տարի ունենալու ենք այսպիսի ողբերգություններ։ Այսինքն՝ ինչ է արվում նման դեպքերը բացառելու համար։
Վստահեցնում եմ, որ ՊՆ-ն կդնի թվերը կհամադրի նախորդ տարիներ վիճակագրական տվյալների հետ, և եթե նվազում արձանագրվի, ասելու են, որ այս թվերը նորմալ են, դրական են։ Մինչդեռ սուբյեկտիվիզմը պետք է հասցնել զրոյի, ոչ կանոնադրական հարաբերությունները, ինքնասպանության հասցնելը պետք է բացառել։ Ինքնասպանության հասցնելը մի ամբողջ էպոխա է, սրանք լուրջ մտորելու թվեր են, հասարակությունը ինքը պետք է անհանդուժողական վերաբերմունք դրսևորի այս թվերի նկատմամբ»,-հայտարարեց Նորիկյանը:
Նա նկատեց, որ մեզ մոտ հետևողականության պակաս կա. «Ես գտնում եմ, որ հասարակությունը շատ դեպքերում մի քանի օր անց արձանագրում է որոշակի կորուստ, բայց հետևողական չէ: Մենք չենք կարողանում պահանջատիրոջ վերաբերմունք դրսևորել, որ պետական չինովնիկներն այնպես կատարեն իրենց պարտականությունները, որ նման ողբերգություններ տեղի չունենան։ Թշնամու հետ առճակատման, պատերազմի գործողությունների ժամանակ հասարակությունը շատ լավ հասկանում է, որ կարող են լինել զոհեր, իսկ խաղաղ պայմաններում մարդկային կորուստներն անընդունելի են: «Բանակում խաղաղ պայմաններում ոչ մի զոհ» կարգախոսը պետք է դառնա կյանքի նորմ։ Լրջագույն պայքար պետք է մղվի բանակում քրեական մշակույթի վերացման, մոլախաղերի, թմրամիջոցների վերացման ուղղությամբ, բանակը պետք է դառնա օրինականության միջավայր, բանակում պետք է իշխի կարգ ու կանոնը։ Հայոց բանակի սպայակազմը պետք է լինի մեր հասարակության ամենահարգված շերտերից մեկը, մեր զինծառայողները պետք է ունենան արժանապատիվ աշխատավարձ, միևնույն ժամանակ պետք է պահանջենք իրենց աշխատանքի պատշաճ կատարում»,-հայտարարեց Նորայր Նորիկյանը:
Նա ընդգծեց, որ պետք է հայեցակարգային պատկերացում ձևավորել, թե ինչ բանակ ենք ուզում ունենալ. «Բանակը պետք է լինի արդի չափանիշներին համապատասխան, բանակային լուրջ ռեֆորմ է անհրաժեշտ, մեզ որակապես նոր բանակ է պետք ձևավորել։ Մենք պետք է արձանագրենք, որ մեզ պետք է խելացի բանակ, ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելու ունակ բանակ, որը այլ կրթական համակարգ է պահանջում: Մեզ զրոյից նոր բանակ է պետք ձևավորել՝ աշխարհի լավագույն բանակների օրինակի հիման վրա»,- իր խոսքն ամփոփեց կուսակցության նախագահը: