
ԱՄՆ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ, ասել է պետքարտուղարության խոսնակի օգնական Վենսանտ Պատելը, երբ ճեպազրույցում նրան հարցրել են, թե՝ Ռուսաստանը նպաստու՞մ է խաղաղությանը, թե՞ ոչ: Նա միաժամանակ նշել է, որ պետքարտուղար Բլինքենի համար հակամարտությունը շատ կարևոր է և նա շարունակում է մնալ ներգրավված: ԱՄՆ նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, անշուշտ, ու սա հայտնի իրողություն է: Բայց, ԱՄՆ-ն այսպես ասած Մինսկի խմբի համանախագահության կողմ է, որի մանդատը առաջացել է ԵԱՀԿ 1992 և 1994 թվականների որոշումներով և վերջնականապես կազմավորվել 1997 թվականին՝ որպես միջնորդ համանախագահության ձևաչափ:
Այդ որոշումներն ու մանդատը ուժի մեջ են առ այսօր: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ամրագրված միակ մանդատն է: Հասկանալի է, որ այն չի աշխատում աշխարհաքաղաքական իրողությունների հետևանքով, բայց մանդատը դե յուրե կա, չեղարկված չէ, ԵԱՀԿ-ն չի կայացրել որևէ այլ որոշում, չի լուծարել Մինսկի խումբը, չի լուծարել Մինսկի խմբի համանախագահությունը, հետևաբար Ռուսաստանը, ԱՄՆ ու Ֆրանսիան շարունակում են լինել այդ միակ ամրագրված միջնորդական մանդատի կողմ: Ըստ այդմ, հարցերը պետք է ուղղվեն թերևս այդ տրամաբանությամբ՝ այդ երեք կողմերից ով ինչ է անում մանդատի աշխատանքը վերականգնելու համար, և գլխավորը՝ մանդատի շրջանակում ամրագրված կարգավորման սկզբունքները վերականգնելու համար: Խոսքը այսպես կոչված մադրիդյան սկզբունքների մասին չէ, որոնք պատերազմի հետևանքով ենթարկվել են տրանսֆորմացիայի: Խոսքը Հելսինկյան ակտի այն երեք կարևոր սկզբունքների մասին է, որոնք Մինսկի խմբի համանախագահների բազում հայտարարություններով եղել են խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում՝ տարածքային ամբողջություն, ինքնորոշման իրավունք և ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառում:
Հետևաբար, եթե Ռուսաստանին կան հարցեր ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահ, այլ նաև որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միջնորդ և փաստացի նաև կողմ՝ դե ֆակտո քաղաքական իմաստով, ապա հարցեր կան նաև Միացյալ Նահանգներին ու Ֆրանսիային՝ որպես Մինսկի խմբի դե յուրե գործող մանդատի եռանախագահության ձևաչափի կողմ: Ի՞նչ կոնկրետ քայլեր են արվում այդ ձևւաչափի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: Հարցը իհարկե ունի տեսանելի պատասխան՝ գործնականում ոչ մի, և բոլորը գործում են առանձին, բերելով հայտնի պատճառներ և մեղադրելով միմյամց և փաստացի լեգիտիմացնելով Բաքվի քաղաքականությունը: