
Ադրբեջանի կառավարությունը միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթուղթը։ Դրա ուսումնասիրությունից պարզվում է, որ հայցը վերաբերում է ռասայական խտրականությանը, թե իբր Հայաստանը պատասխանատու է ադրբեջանցիների սպանությունների ու ֆիզիկական վնասների համար։
Ադրբեջանական կողմը պահանջում է ներկայացված ապացույցների հիման վրա բավարարել Հայաստանի պատասխանատվության վերաբերյալ միջնորդությունը։
Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա կախված է նրանից, թե իրականում դա վերագրո՞ւմ են Հայաստանին, թե ոչ: Նրա խոսքով՝ այդ դեպքում բազմաթիվ հարցեր են ծագելու, քանի որ միանշանակ չէ ամեն ինչ:
«Իրենք գնում են ռասսայական խտրականության վերաբերյալ կոնվենցիայով, որը Հայաստանը վավերացրել է: Պետք է դրան ավելի մանրամասն ծանոթանալ, որովհետև այնտեղ բազմաթիվ խնդիրներ կան»,-ասաց մասնագետը:
Իսկ թե Հայաստանն ինչպես պետք է արձագանքի, որքանով կարող է բավարարվել Ադրբեջանի հայցը, Ղազարյանը նշեց, որ դա կախված է մանրամասներից:
«Բայց անհետ կորածների վերաբերյալ սովորաբար վաղեմության ժամկետները չեն տարածվում, հետևաբար, Հայաստանն էլ կարող է նման հայց բերել, որովհետև մենք էլ ունենք անհետ կորածներ առաջին արցախյան պատերազմից: Գուցե ոչ 3 հազար, բայց Հայաստանն էլ ունի անհետ կորածներ»,-ասաց նա:
Իրավաբանի դիտարկմամբ՝ այս գործընթացը երկար կտևի, մոտ 10-15 տարի, քանի որ դրանք ապացուցելը շատ բարդ է․ այստեղ և ընդունելության խնդիրներ են ծագում, և նաև ժամկետների հետ կապված խնդիրներ են առաջանում։
«Այստեղ կարևոր հարցն այն է, թե ինչու եք այսքան տարի սպասել: Իրենք էլ կարող են ասել՝ մենք պետք է իդենտիֆիկացնեինք, որովհետև Հայաստանի հսկողության տակ էր տարածքը: Այդուհանդերձ, առնվազն պետք է հայցը կարդալ, ծանոթանալ, որովհետև այնտեղ շատ մանրամասներ կան, որոնք վերացական ասելը ճիշտ չէ: Միայն կարող եմ ասել, որ դա երկար կտևի և, ամենայն հավանականությամբ, Հայաստանն էլ կներկայացնի նման մի հայց»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը դատավարության կողմ է, պետք է մասնակցի դատավարությանը, իր հակափաստարկները ներկայացնի:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Twitter-ի իր էջում նշել է, որ 2023 թ. հունվարի 23-ին Հայաստանը Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» մեկնաբանման և կիրառման գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր, որը մանրամասնորեն ներկայացնում է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները։