
Ադրբեջանի պլանը Լաչինի միջանցքը պարբերաբար բացել ու փակելով Արցախի բնակչության հեռանալուն նպաստելն է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, փակելով միջանցքը և խորացնելով անորոշությունն ու հուսալքությունը, Ադրբեջանը մտադիր է հետո բացել այն կարճ ժամանակով, որպեսզի Արցախի հանրությունը հեռանա, հետո նորից փակել, դարձյալ ստանալ հոսալքության էֆեկտ, հետո բացել և դարձյալ ճանապարհ ապահովել հեռանալու ցանկություն ունեցողների համար: Եթե Հայաստանի վարչապետի մակարդակով բարձրաձայնվում է այդպիսի պլանի մասին, ապա սա հարց է առաջացնում, թե որտեղից է այն դարձել հայտնի:
Հետտախուզակա՞ն տվյալ է, թե՞ օրինակ այդ պլանը Ալիևը հայտնել է միջազգային տարբեր դերակատարների, իսկ նրանք էլ՝ Փաշինյանին: Թե՞ այդ պլանը գուցե հենց միջազգային պլան է, որի մասին Փաշինյանը բարձրաձայնում է նրբորեն, հասցեագրելով այն Ադրբեջանին, որը թերեւս ամենևին դեմ չի լինի դրա խաղարկմանը: Սա էական հարցեր են, հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Լաչինի միջանցքի շուրջ, ինչ արժեն տարբեր կոչերը, ինչ կա դրանց իիրական տողատակում եւ այլն, թե ինչու՞ այդպես էլ որևէ կերպ չի դրվում Ադրբեջանի հանդեպ պատասխանատվության ու պատժամիջոցի հարցը: Հատկապես, որ, ըստ տարբեր աղբյուրների, դեռևս ամիսներ առաջ միջազգային որոշ հարթակներում բարձրաստիճան պաշտոնյաներ անգամ շրջանառել են այդօրինակ գաղափար՝ խնդրի լուծում Արցախի հայության տեղափոխման միջոցով:
Գաղափարն իհարկե չի դրվել պաշտոնական շրջանառության մեջ, սակայն, կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լինել նուրբ ահազանգ այն մասին, որ Լաչինի միջանցքի արգելափակ,ան համատեքստում դրված է նաեւ ահա այդ գաղափարի իրագործման մոդել, որը պաշտոնական Երևանը չի կարող հանրայնացնել ուղիղ տեքստով՝ մի շարք նուրբ հանգամանքներից և դիվանագիտական նկատառումներից ելնելով, և ընտրել է այն հանրայնացնելու այդօրինակ տարբերակ, ակնկալիքով, որ կառաջանա հանրային համարժեք արձագանք: Իսկ այդ արձագանքի անհրաժեշտության մասին խոսում եմ ինքս, արդեն տևական ժամանակ: Մասնավորապես, Հայաստանի հանրային բոլոր ակտիվ դերակատարները պետք է զբաղվեն ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև միջազգային կառույցներին իրավիճակի համար պատասխանատվության դաշտում պահելու ուղիղ աշխատանքով, որպեսզի այդ կերպ բացառվի կամ առնվազն էապես չեզոքացվի պաշտոնական կոչերի ու հորդորների ներքո անուղղակի ձևով իրականացվող տարբեր մոդելային հնարքների ռիսկը, ինչի մասին ըստ երևույթին բարձրաձայնում է Հայաստանի վարչապետը: