
Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, նախօրեին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։
Նեդ Փրայսը հիշեցրել է՝ Լաչինի միջանցքի թեմային պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ օրերս կայացած հեռախոսազրույցների ընթացքում։
«Մենք նշել ենք, որ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական առևտրային և մասնավոր ճանապարհորդությունների շարունակվող խոչընդոտումը հանգեցնում է սննդի, վառելիքի և դեղորայքի պակասի բազմաթիվ բնակիչների համար, ովքեր այս միջանցքից կախված են այդ հիմնական պաշարների համար», – ասել է Փրայսը։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հայտարարել է նաև, որ բնական գազի և հոսանքի մատակարարումների պարբերական խափանումներն ավելի են սրում հումանիտար իրավիճակը:
«Մենք կոչ ենք արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը՝ ներառյալ առևտրային և մասնավոր ճանապարհորդությունները։ Մենք պետք է լուծում գտնենք այս փակուղուց, որը կապահովի այս տարածքում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը։ Կարծում ենք, որ առաջընթացի ճանապարհը բանակցությունների միջոցով է: Մենք հավատարիմ ենք մնում կայուն խաղաղությանն աջակցելուն: Մենք թե՛ խոսքով, թե՛ գործով ցույց ենք տվել կողմերի հետ գործակցելու մեր պատրաստակամությունը՝ լինի երկկողմ, բազմակողմ՝ ԵԱՀԿ-ի միջոցով, թե եռակողմ՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ սեղանի շուրջ», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը կարծում է՝ ԱՄՆ-ի կողմից տարբեր մակարդակներով հնչող կոչերն ու հորդորները շատ կարևոր են, սակայն ինչպես փորձն է ցույց տալիս, բավարար չեն Բաքվի վրա ռեալ ճնշում գործադրելու տեսանկյունից.«Ես համենայնդեպս բարձր եմ գնահատում այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն նման ուշադրություն է դարձնում Լաչինի միջանցքի փակման հարցում, պարբերաբար խոսում այդ մասին։ Եթե ԱՄՆ-ն այդ մասին չխոսի, չբարձրաձայնի, կնշանակի, որ քաղաքակիրթ աշխարհը թույլ է տալիս, որ Ադրբեջանն ինչ ուզի՝ անի։ Ուստի կրկնեմ, որ խոսելը, ելույթներ ունենալը շատ կարևոր հանգամանք է։ Ես նաև համոզված եմ, որ միայն խոսելով ոչ մի հարց չի լուծվելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Վարդանյանն ընդգծեց՝ կոնգրեսականներն ու սենատորներն այս օրերի ընթացքում պարզապես բարձրաձայնում են այս հարցը, իրենց նամակներով հորդորում են,որ պաշտոնական Վաշինգտոնն ավելին անի, քանի որ վիճակը օրեցօր վատանում է, սրվում, վտանգի տակ է հայտնվում մարդկանց կյանքը. «Միայն խոսելը, սակայն, ոչ մի հարց չի լուծում, պետք է նաև այլ բան մտածել։ Չգիտեմ՝ գուցե պատժամիջոց է կամ այլ բան, բայց Ամերիկան կարող է ավելին անել, պետք է ուրիշ լուծում գտնել»։
Մեր այն դիտարկմանը, թե հավանակա՞ն տարբերակ է, որ սանկցիաներ կիրառվեն ԱՄՆ-ի կողմից, Արփի Վարդանյանն ասաց.«Սանկցիան որպես օրինակ նշեցի։ Սանկցիա է, թե այլ բան՝չեմ կարող ասել։ Պետք է այլ բան ևս մտածել, որովհետև այդ մարդկանց կյանքը վտանգի տակ է»։
Հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն ի տարբերություն Ուկրաինայի, այս հարցում ավելի ռադիկալ քայլերի չի գնում, մեր զրուցակիցը պատասխանեց.«Շատ բարդ հարց է։ Ցավով եմ նշում, որ այդ նույն ուշադրությունը տարիների ընթացքում Արցախի ժողովրդի վրա չի դարձվել, հիմա նույնպես չի դարձվում։ Պատճառները կարող են տարբեր լինել՝ այդ թվում նաև այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ սերտ կապեր ունի։ Գուցե դա նպաստում է չօգնելու խնդրին։ Մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ Արցախը չճանաչված պետություն է, Ուկրաինան՝ ճանաչված։ Բայց իհարկե դա որևէ կապ չունի ինձ համար, մարդը մնում է մարդ, ժողովուրդները վտանգի տակ են թե՛ Արցախում, թե՛ Ուկրաինայում։ Կյանքը՝ կյանք է, բարձրագույն արժեք ու պետք է հավասար մոտեցում ցույց տալ։ Արցախում կան մարդիկ, որոնք 30 տարուց ավել ապահովություն ու անվտանգություն չեն զգացել, անկախություն չեն ունեցել։ Դա իհարկե ընդունելի չէ»։
Խոսելով այս օրերին Ամերիկայի հայկական համագումարի ծավալած աշխատանքի մասին, Արփի Վարդանյանն ասաց.«Ամեն օր ու ժամ մենք կոնգրեսականների ու սենատորների հետ աշխատանք ենք տանում, հանդիպումներ ու քննարկումներ ունենում։ Աշխատում ենք նաև հայ համայնքի հետ, որպեսզի համայնքն էլ իր հերթին անի աշխատանք, որ ավելի ամբողջական պատկեր ստացվի։ Աշխատում ենք նաև այլ հայկական կազմակերպությունների հետ։ Նախատեսվում են ցույցեր Բոսթոնում, եղել են ցույցեր Լոս Անջելեում։ Հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ մեր ձայնը լսելի լինի»,-եզրափակեց նա։