
Արցախում մթերային խանութները գրեթե դատարկ են, իսկ եղած ապրանքն էլ թանկացել է։ Արցախցիներն ահազանգում են՝ ծխախոտը թանկացել է մի քանի անգամ, գյուղմթերքը՝ նույնպես, ձուն թանկացել է մի քանի անգամ։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության նախագահ, քաղաքագետ Բարդուղ Գալստյանը նշեց, որ Լաչինի շրջափակման առաջին օրերին թանկացումներ կային, հիմա կարգավորվել է։
«Հատկապես ծխախոտն էր մի քանի անգամ թանակցել, հիմա գները որոշակիորեն կարգավորվել են։ Իհարկե, չկա լայն տեսականի, բայց գները վերականգնվել են։ Թանակցումներ կան որոշ ապրանքատեսակների մասով, դեֆիցիտ է։ Սնունդն է թանկացել, իհարկե, հատկապես, գյուղմթերքը, կանաչեղենը, ձուն էլ է թանկացել»,-ասաց նա:
Հարցին՝ կտրոններով գնումներ կատարելու համակարգը որքանո՞վ է իրեն արդարացրել, Գալստյանը պատասխանեց, որ միևնույն է, մարդիկ կտրոններով գնում են այնքան, որքան պետք է. «Չեմ կարծում դա նորամուծություն է, պարզապես փորձեցին կանոնակարգել, և եթե մարդու գրպանում շատ գումար կա, կտրոնը չի թողնում շատ վերցնել։ Հավասարության մեխանիզմն է ներդվում»:
ԵՄ-ի վերջին հայտարարությունները, Գալստյանի խոսքով, հուսադրող են, որ շուտով միջանցքը կբացվի․ «Բլինքենի հեռախոսազանգը, կարծում եմ, դրական ազդեցություն կունենա, և այստեղ մարդիկ, հասկացող հատվածը գիտի, որ դրական ազդեցություն կունենա: Բայց կա «ռուսամանյայից» չպոկվող հատված, որ այլ կերպ է մտածում։ Իհարկե, Ռուսաստանը փորձելու է հնարավորինս հակազդել, թե որքանով կստացվի, ժամանակը ցույց կտա»,-հավելեց նա։
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Արցախի Հանրապետությունում ս.թ. հունվարի 20-ից սկսված է առևտրի կետերում սննդամթերքի կտրոններով իրացման գործընթացը՝ բրինձ, մակարոնեղեն, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ ապրանքատեսակներն իրացվում են բացառապես ԱՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Դիտանցումներ իրականացվում են Ստեփանակերտ քաղաքի առևտրային օբյեկներում, իսկ Ասկերանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների առևտրային օբյեկտներում նմանատիպ դիտարկումներ իրականացվում են վարչակազմերի կողմից և տվյալները տրամադրվում են Հանձնաժողովին: Իրականացված դիտանցումների ընթացքում վերոնշյալ ապրանքատեսակներն իրացվում են Արցախի տեղեկատվական շտաբի կողմից հրապարակված իրացման առավելագույն գներին համապատասխան: Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում սննդամթերքի կտրոններով իրացման գործընթացը իրականացվում է բնականոն հունով:
Քաղաքացիների կողմից ստացված բոլոր բողոքներին՝ Հանձնաժողովը օպերատիվ կերպով արձագանքում է, մանրամասն ուսումնասիրություններ են իրականացվում և քաղաքացիներին տրվում են պարզաբանումներ հնչեցված բողոքների վերաբերյալ:
Լուսանկարը՝ Civilnet-ի