Առաջիկա երկու-երեք շաբաթները կորոշեն Ուկրաինայի շուրջ իրադարձությունների հետագա զարգացումը։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այս կարծիքն Է հայտնել այսօր իսպանական El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։ Այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Հաջորդ երկու-երեք շաբաթները վճռորոշ են պատերազմի և խաղաղության համար: Այն, ինչ տեղի կունենա 2023 թ.-ին, և շատ բան կախված է առաջիկա շաբաթներից, կորոշի մեր ապագան», – ասել է Միշելը:
Այդ կապակցությամբ Եվրոպական խորհրդի ղեկավարը հորդորել է շարունակել աջակցություն ցույց տալ և անհրաժեշտ օգնություն տրամադրել Կիևին:
Միևնույն ժամանակ Financial Times պարբերականին տված հարցազրույցում Միշելը նշել է, որ ԵՄ-ն շահագրգռված է Ուկրաինային աջակցելու համար ռուսական ակտիվներն օգտագործելու հարցում: Նա ակնկալում է, որ Եվրամիության երկրների ղեկավարները «նոր թափ կհաղորդեն» Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի Բանկի սառեցված ակտիվներից միջոցներ ուղղելու վերաբերյալ քննարկումներին։ Միշելի խոսքով՝ գոյություն ունի «մեծ քաղաքական շահագրգռվածություն առաջընթացի հասնելու և այդ հարցը լուծելու համար»։
«Դա պետք է արվի իրավական սկզբունքներին համապատասխան», – ընդգծել է քաղաքական գործիչը:
Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ ԵՄ երկրները սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրոյի ակտիվներ և ռուսաստանցի գործարարների՝ մինչև 20 միլիարդ եվրոյի ակտիվներ: