Հունվարի 23-25-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, հայտնում են նախարարությունից:
Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։ ԱԳ նախարարը նաև կպատասխանի Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։
Բրյուսել այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։
Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջի հաղորդագրության՝ բանակցություններից հետո նախարարի և գլխավոր քարտուղարի հանդիպում մամուլի հետ նախատեսված չէ:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ Արարատ Միրզոյանի հանդիպումների օրակարգը Բրյուսելում բավականին տպավորիչ է.«Կա նաև շատ կարևոր ելույթ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Ես բազմիցս ասել եմ, որ և՛ Նիկոլ Փաշինյանը և՛ այլ պաշտոնյաներ պետք է ձեռք բերեն այդ մշակույթը՝ այլ խորհրդարաններում ելույթներով հանդես գալը։ Դա շատ ակտիվ օգտագործել է Զելենսկին ու շատ մեծ արդյունք է տվել։
Այստեղ էլ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ճշմարտությունը մեր կողմն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ Ադրբեջանը լրջագույն սխալ է թույլ տվել՝ փակելով Լաչինի միջանցքը և փորձելով սովամահ անել Արցախի հայերին, էթնիկ զտում իրականացնել.«Ուրեմն՝ միանշանակ է, որ ճշմարտությունը մեր կողմն է ու մենք այդ հանգամանքը պետք է ակտիվորեն օգտագործենք։
Արարատ Միրզոյանի այցելություն իսկապես կարևոր է ու այն կարելի է միայն ողջունել»,-նկատեց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը, թե ռեա՞լ է արդյոք Ռուսաստանից դժգոհությունների ֆոնին, անվտանգային ակնկալիքներ ունենք արևմուտքից և մասնավորապես ՆԱՏՕ-ից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր մտահոգություններ ունեն։ Ես այդ մարդկանց հարցնում եմ՝ ի՞նչ այլընտրանք են նրանք առաջարկում։ Մարդիկ ասում են՝ նայեք իրենք գնում են Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստանը դժգոհում է։ Ես հարցնում եմ՝ այլընտրանքը ո՞րն է։ Ռուսաստանը շատ հստակ ասում է՝ դուք պետք է մնաք մեր տիրույթում ու հանձնեք այն ամենն, ինչ մենք ասում ենք։ Այլ հարց է, որ Ռուսաստանը գար ասեր՝ տղերք ջան, մենք էլ ենք ձեզ աջակցում, ինչու՞ եք ուրիշ կողմ գնում։ Տեսեք՝ Լաչինի միջանցքը բացեցինք, քննադատեցինք Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ սեպտեմբերի 13-ին։ Բայց ոչ՝ Ռուսաստանն այդ ամենը չի անում։
Սեպտեմբերի 13-ի ագրեսիան Ռուսաստանը ոչ միայն չդատապարտեց, այլ փորձեց պաշտպանել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սեպտեմբերի 15-ին։
Նույնը նաև Լաչինի միջանցքի փակման հարցում։ ՄԱԿ ԱԽ-ում դեկտեմբերին Ռուսաստանը փորձեց աջակցել Ադրբեջանին, հարցեր բարձրացրեց ինչ-որ հանքերի հետ կապված»,-նկատեց քաղաքագետը։
Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ չկա այլընտրանք.«Ցանկացած պարագայում մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը, ցանկացած դեպքում պետք է գնանք դեպի Եվրոպա կամ Ամերիկա, բայց նույնիսկ եթե կան մարդիկ, որոնք այլ կարծիք ունենք՝ հարգում եմ ցանկացած կարծիք, բայց այդ մարդիկ ինձ հետ վիճելու արգումենտ չունեն։ Այլընտրանքը, որն առաջարկում է Ռուսաստանը, շատ պարզ է՝ պետք է անես ամեն ինչ, ինչ մենք քեզ ասում ենք անել Ադրբեջանի հետ միասին։ Ասեցինք քեզ՝ որ պետք է տաս, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանքը», ուրեմն պետք է տաս, ասեցինք պետք է անկլավները տաս Ադրբեջանին՝ ուրեմն պետք է տաս»,-եզրափակեց նա։